«Սփյուռքի ներդրումային ներուժի իրացման մարտահրավերները» թեմայով քննարկում ՀՊՏՀ-ում

23.12.2021
Դիտումների քանակ՝ 737

Դեկտեմբերի 22-ին ՀՊՏՀ-ում հյուրընկալվել էր «ՖԻՆԱՐՄ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը: Նա hամալսարանի ակադեմիական հանրույթին ներկայացրեց Սփյուռքի ներուժի իրացման հնարավոր գործիքներից պարտատոմսերի թողարկման հայեցակարգի հիմնական դրույթները։

Հայեցակարգը քննարկվել է ՀՀ Կառավարությունում, կա Կառավարության որոշում Սփյուռքի պարտատոմսերի նկատմամբ պահանջարկի ուսումնասիրություն իրականացնելու վերաբերյալ, ուստի կարևոր է, որ ակադեմիական հանրույթը ևս ներգրավված լինի այս նախաձեռնության հանգամանալից քննարկմանը։

Ողջունելով հյուրին՝ ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը նշեց, որ նախագծի հիմնական նպատակը Սփյուռքի ֆինանսական ներուժի ներգրավումն է Հայաստանում համահայկական նախագծերի ֆինանսավորման մեջ ոչ թե նվիրատվությունների, այլ փոխադարձ շահավետության սկզբունքի հիման վրա՝ Սփյուռքի համար նախատեսված պարտատոմսեր թողարկելու և մեր հայրենակիցների շրջանում վաճառելու միջոցով։ Նախաձեռնող խումբը բավական ներկայացուցչական է, որին միացել են պետական և ոչ պետական կառույցներ, ինչը, ըստ Թաթուլ Մկրտչյանի, ընդգծում է նախագծի կարևորությունն ու անհրաժեշտությունը հանրության լայն շրջանակների համար։

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած հետաքրքրության համար՝ Կարեն Զաքարյանն ընդգծեց հանրային նշանակության նման հարցերը լայն շրջանակներում քննարկելու և մասնագիտական համախմբվածության անհրաժեշտությունը։

«Զարգացած երկրների փորձից գիտենք, որ բուհերը, ակադեմիական կենտրոնները լրջագույն դեր են կատարում երկրների՝ տնտեսական և ոչ միայն տնտեսական քաղաքականությունների մշակման հարցում, և մենք հիմա, այս քննարկմամբ, նման լավ ավանդույթի շարունակողն ենք դառնում»,- ասաց Կարեն Զաքարյանը՝ հավելելով, որ նախաձեռնությունը ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի դատին է հանձնում՝ ակնկալելով կառուցողական քննարկում՝ դիտողությունների և առաջարկությունների տեսքով, ինչից նախագիծը միայն կշահի։