ՀՊՏՀ գիտխորհուրդը կիսամյակային քննաշրջանի վերաբերյալ նոր որոշում է ընդունել
30.04.2020
Դիտումների քանակ՝ 4517
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհուրդն այսօր առցանց հարցմամբ անցկացված նիստով որոշում է ընդունել 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի ու մագիստրատուրայի քննաշրջանի ընթացքում քննությամբ ավարտվող դասընթացների թվի կրճատման մասին։
Նոր կորոնավիրուսային համաճարակի տարածման հետևանքով 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը առցանց անցկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհուրդը որոշել է հետևյալը․
- Առկա և հեռակա ուսուցման բակալավրիատում սահմանել քննությամբ ավարտվող երկու դասընթաց՝ տվյալ կրթական ծրագրի համար մասնագիտական համարվող քննությամբ ավարտվող դասընթացներից (ըստ սույն որոշման Հավելվածի)։
- Առկա և հեռակա ուսուցման մագիստրատուրայում սահմանել քննությամբ ավարտվող երեք դասընթաց՝ տվյալ կրթական ծրագրի համար մասնագիտական համարվող քննությամբ ավարտվող դասընթացներից (ըստ սույն որոշման Հավելվածի)։
- Մյուս քննական առարկաները սահմանել որպես ստուգարքով ավարտվող և չեզոքացնել դրանց ազդեցությունը միջին որակական գնահատականի (ՄՈԳ) վրա։
- Առկա բակալավրիատում նախկինում քննությամբ ավարտվող դասընթացների ակտիվության գնահատականի վերահաշվարկը կատարել ակտիվության գնահատականը բազմապատկելով 1,5 գործակցով։
- Հեռակա բակալավրիատում նախկինում քննությամբ ավարտվող և անհատական աշխատանք պարունակող դասընթացների ստուգարքով ավարտվող դառնալու պարագայում հանել անհատական աշխատանքի բաղադրիչը և ստուգարքի գնահատականը սահմանել 20 միավոր։
- Առկա և հեռակա մագիստրատուրայում նախկինում քննությամբ ավարտվող դասընթացների ակտիվության գնահատականը սահմանել 60 միավոր և վերահաշվարկը կատարել ակտիվության գնահատականը բազմապատկելով համապատասխան գործակցով։
Քննական առարկաներն ըստ ֆակուլտետների և կուրսերի կարող եք տեսնել այստեղ։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին