ՀՊՏՀ ծառայած ուսանողները վերադառնում են, զորակոչիկները՝ զինվորագրվում. հպարտության ու հուզմունքի շաղախներ

Դիտումների քանակ՝ 1848

Համալսարանի ընդհանուր բաժին նրանց այցելության վայրկյանները շաղախված են սիրո, կարոտի ու հայրենասիրության զգացումներով. մեր հայրենատեր ու քաջարի տղաներն են... Բաժնի աշխատակիցներն ընդունում են դիմումն ու նրանց շուրթերից սրտագին հնչում է՝ «բարի գալուստ» կամ «բարի ծառայություն»: Հայրենիքի հանդեպ սուրբ պարտքը արժանապատվորեն կատարած ՀՊՏՀ ուսանողները հարազատ համալսարան են վերադառնում՝ ուսումը շարունակելու, իսկ զորակոչային տարիքի համալսարանականները վեհ սիրով ներշնչված են մեկնում ծառայության, ինչպես իրենք են ասում՝ «Հանուն մեր հայրենիքի, հանուն մեր ծնողների, հանուն մեր ապագայի»...

asue.am-ը Հայոց բանակի տոնին ընդառաջ ՀՊՏՀ ընդհանուր բաժնում հանդիպել ու զրուցել է բանակից վերադարձած և բանակ մեկնող ուսանողների հետ, պատրաստել բանակի 28-ամյակին նվիրված հատուկ ռեպորտաժ:

Զարմանալի է՝ բանակ մեկնող ՀՊՏՀ-ականները բանակից վերադարձածների նման ինքնավստահ են…ուրախալի է՝ մեր զինված ուժերը համալրվում են բանիմաց, զուսպ ու հայրենասեր երիտասարդներով: Ուրախությամբ ենք նշում՝ ՀՊՏՀ-ականները բանակում աչքի են ընկնում օրինակելի ծառայությամբ ու արժանանում են հրամանատարական կազմի ու զինակիցների համակրանքին, վերադառնում են պատվոգրերով, շնորհակալագրերով, կրծքանշաններով, մեդալներով ու խրախուսական այլ պարգևներով:

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 2-րդ կուրսեցի Արսեն Գևորգյանը օրերս է զորացրվել: Ծառայել է Պաշտպանության բանակում՝ Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանում, որպես հրաձգային ջոկի հրամանատար: Ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Անհամբեր սպասում է՝ երբ են 2-րդ կիսամյակի դասերն սկսվելու, որ կրկին վայելի ուսանողի կարգավիճակը:

«Բանակն ինձ շատ բան տվեց: Կարողացա մարդկանց ավելի լավ ճանաչել, կոփվեցի, ավելի սիրեցի ու գնահատեցի կյանքը, սովորեցի դիմակայել կյանքի դժվարություններին, արագ կողմնորոշվել, (այլ տարբերակ չկար,-ծիծաղում է,-հեղ.) ու հասկացա, որ ամեն խնդիր էլ տղամարդու համար է և լուծելի է», -ասաց Սուրենը և բանակից մի դիպված հիշեց. հակառակորդի կրակոցից ծառայակիցը վիրավորվել էր, կայծակնային արագությամբ ինքը կարողացել էր իրավիճակի մասին զեկուցել հրամանատարությանը և առաջին բուժօգնություն էր ցուցաբերել ընկերոջը: Բարեբախտաբար, իր գրագետ մոտեցման շնորհիվ և´ փրկվել է ընկերը, և´ նահանջել է թշնամին:

Հիացմունքի արժանի մեր հաջորդ զրուցակիցը ֆինանսական ֆակուլտետի 1-ին կուրս վերադարձող ուսանող Արմեն Եղիազարյանն է: 2018-2020 թթ. ծառայել է Արցախում՝ որպես հրացանահրետանային զորավարժադաշտի օպերատոր: Բարեխիղճ ծառայության համար Արմենն արժանացել է շնորհակալագրի: Օրինակելի զինվորի, արդեն զինակոչիկի շուրթերից հնչում է ծառայության մեկնողներին ուղղված ասելիքը՝ «Սիրելի´ եղբայրներ, բանակում դժվարությունները հաղթահարելի են, կարևորը զգոնությունն է»:

Ահա և կառավարման ֆակուլտետի հեռակա ուսուցման 1-ին կուրսեցի Ժորա Մարդանյանը. հունվարի 29-ին զորակոչվում է բանակ: Ասում է՝ գնում է որոշակի գիտելիքով զինված՝ տիրապետում է զենքից օգտվելու կանոններին, ռազմագիտությանը: Հարցին, թե ինչ կմաղթի բանակ մեկնող իր ընկերներին, պատասխանեց. «Կուզեմ, որ յուրաքանչյուրը մեկնի այն գիտակցումով, որ իրեն տանը սպասող կա, և կմաղթեմ այն, ինչ ինձ եմ ցանկանում՝ բարի ու անփորձանք ծառայություն»:

Բարի գալուստ ասացինք ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ վերադարձած 2-րդ կուրսի ուսանող Տիգրան Մելքոնյանին: 2018-2020 թթ. որպես հրետանավոր ծառայել է Մատաղիսում: Խիզախության, լավ ծառայության համար արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի, շնորհակալագրերի: Մեր քաջարի ուսանողը զորակոչիկներին խորհուրդ է տալիս բարձր պահել բարոյական ոգին, տոկուն լինել և վստահեցնում է՝ ամեն բան լավ է լինելու...

Նրանք շատ ոգեշնչվեցին՝ իմանալով, որ բանակի տոնի առիթով ռեպորտաժ ենք պատրաստում, այնուհետև մեզ հետ զրույցում մեկնողները խոստացան վերադառնալ ու շարունակել ուսումը, իսկ վերադարձածները՝ լավ սովորել, մրցունակ մասնագետ դառնալ ու հայրենիքի արժանի զինվորը լինել նաև քաղաքացիական կյանքում: Հետաքրքիր է՝ բոլորին միավորում են բարի նպատակները՝ մասնագիտանալու, զարգանալու, կայանալու, արժանապատիվ կյանքի ճանապարհ հարթելու ազնիվ մղումները: Դե էլ ինչպե՞ս չասել, որ ՀՊՏՀ-ն հպարտ է իր քաջարի երիտասարդներով: Եվ իհարկե, հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված մեր բոլոր ուսանողներին մաղթում ենք բարի ծառայություն, նրանց ծնողներին ու հարազատներին՝ համբերություն և տոկունություն:

Անշուշտ, այս խորհրդանշական օրը սրտի թրթիռով ենք բարեմաղթում, որ Հայոց սահմանը յուր խրոխտ լեռների պես մշտականգուն լինի, մեր զինվորի կուռը մի´շտ դալար լինի:

Շնորհավո´ր տոնդ, Հայոց փառապանծ բանակ:

Հ.Գ. Լուսանկարներում այս օրերին զորացրված ու զորակոչված ՀՊՏՀ ուսանողներն են:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին