Մեկնարկեց ՈւԳԸ համալսարանական նստաշրջանը. երկօրյա մրցույթի արդյունքում կորոշվեն լավագույնները
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ՀՊՏՀ ղեկավարությունը հայտարարեց համալսարանի Ուսանողական գիտական ընկերության գործունեության նոր մեկնարկի մասին: ՈՒԳԸ աշխատանքների համակարգող, ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական Լիլիթ Դադայանի ներկայացմամբ, դեկտեմբերի 24-ին ֆակուլտետներում տեղի է ունեցել աշխատանքների նախապաշտպանություն, որի ընթացքում քննարկվել են կույր գրախոսությամբ ստացված դիտողություններն ու առաջարկությունները, այնուհետև ֆակուլտետային պատասխանատուների ուղղորդմամբ ուսանողները վերանայել են աշխատանքները և ներկայացրել ՈՒԳԸ 39-րդ համալսարանական նստաշրջանում, որը մեկնարկեց այսօր:
Ներկա էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, Լիլիթ Դադայանը, ՈւԽ նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը, ՈւԽ ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Արև Մանուկյանը և ֆակուլտետային պատասխանատուները:
Ողջույնի խոսքում ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանն ասաց, որ այժմ աշխատանքներ են տարվում ուսանողության գիտահետազոտական կարողությունները զարգացնելու, բուհի հետազոտական կենտրոնի աշխատանքներում ուսանողներին ներգրավվելու ուղղությամբ: Ռեկտորի պաշտոնակատարը հորդորեց նախաձեռնող ու մոտիվացված լինել, նշեց, որ բուհը նաև նյութապես է խրախուսում գիտությամբ զբաղվող ուսանողներին, ընդգծեց՝ հետազոտող ուսանողը մրցունակ է աշխատաշուկայում:
«Մենք որդեգրել ենք հետազոտական բուհ դառնալու ճանապարհը և ՈՒԳԸ աշխատանքները որակապես բարելավելու մոտեցումը առաջին քայլն է այդ ճանապարհին»,-ասաց պրոռեկտոր, ՈՒԳԸ հանձնաժողովի նախագահ Թաթուլ Մկրտչյանը և հորդորեց ուսանողներին ակտիվորեն մասնակցել ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին: «Մեր համալսարանը ունի նոր նախաձեռնություններ՝ տարբեր ուղղություններով, այնպես որ՝ Ձեզ ևս սպասվում են նոր հնարավորություններ»,- ասաց Թաթուլ Մկրտչյանը:
Դավիթ Հախվերդյանը ուշադրություն հրավիրեց հետազոտությունների որակի վրա: «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրենը ուսանողներին պարզաբանեց՝ լավ հետազոտությունը պետք է բացահայտի առաջադրված խնդրի պատճառը, հետևանքը, և հետո հեղինակի կողմից պետք է տրվի խնդրի լուծման տեսլականը: Հետազոտական կենտրոնի տնօրենը գրագետ հետազոտություն կատարելու վերաբերյալ օգտակար խորհուրդներ հղեց ՈւԳԸ-ականներին:
Այնուհետև ամբիոնը ուսանողինն էր: Գնահատվում է աշխատանքի որակը, ինքնուրույնությունը, բանավոր ներկայացման հմտությունները, հարցերին սպառիչ պատասխանելու կարողությունը և այլն:
Միջֆակուլտետային լսումները կտևեն երկու օր, արդյունքները կամփոփվեն առաջիկայում:
Բոլորին մաղթում ենք հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին