ՀՊՏՀ ուսանող Արման Մալխասյանը պատերազմում զոհվել է` փորձելով փրկել ծառայակցի կյանքը

14.01.2021
Դիտումների քանակ՝ 2185

ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Արման Վաղարմենի Մալխասյանը  ծնվել է 2000 թ., Գեղարքունիքի մարզի Վաղաշեն Գյուղում: Այժմ նրան ճանաչում են որպես հարենիքի համար կյանքը զոհած հերոսի:

Ծնվել է մանկավարժների ընտանիքում, գերազանցությամբ ավարտել է տեղի դպրոցն ու 2018 թ. ընդունվել ՀՊՏՀ:  2019 թ. հունվարին զորակոչվել է բանակ, ծառայել է Հադրութում: Այստեղ էլ սերժանտ, դիրքի ավագ Արմանը մասնակցել է մարտական գործողություններին, արիաբար կռվել է մինչև հոկտեմբերի 14-ը. ցավոք, այդ օրը, ցանկանալով փրկել ռազմադաշտում գտնվող ծառայակցի կյանքը, զոհվել է: Չդադարող արկերի հոսքից զոհվել է նաև ծառայակիցը, որին ցանկանում էր փրկել…

Արմանը ծառայել է եղբոր` Արթուր Մալխասյանի հետ, միևնույն զորամասում (երկրորդ լուսանկարում՝ եղբայրները): Արթուրը ևս ՀՊՏՀ ուսանող է, գերազանցությամբ սովորում է ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 3-րդ կուրսում: Երկու եղբայրներն ընտրել էին վիճակագրություն մասնագիտությունը: Նրանք բանակից պետք է զորացրվեին 2021թ. հունվարին: Այժմ Արթուրը տանն է, զորացրվել է։ asue.am-ը կապ հաստատեց նրա հետ, զրուցեց խիզախ Արմանի, իրենց եղբայրական սիրո մասին:

Արթուրն ու Արմանը սոսկ եղբայրներ չեն, այլ հարազատ հոգիներ, որոնք կապված են եղբայրական ամուր սիրով ու ընկերությամբ: Արթուրը տան ավագն է, եղբորից մեծ է 2 տարով: Նա տարկետում է վերցրել, որպեսզի եղբոր հետ ծառայի: Արթուրը ևս դիրքի ավագ էր, սերժանտ է:

«Պատահական չէ, որ մենք` ընտանիքի 2 զավակներս, սովորում էինք նույն բուհում, նույն ֆակուլտետում, ծառայում էինք միասին: Մեր հետաքրքրությունները նույնն էին, միմյանց կողքին մենք հարմարավետ ու պաշտպանված էինք զգում: Ուսման մեջ էլ մենք իրար ոգևորում էինք, մեկս մյուսիս օրինակ էինք դառնում, ուրախանում միմյանց հաջողություններով: Բնական է` նույն դաստիարակությունն էինք ստացել, նույն ընտանիքում մեծացել, բայց ամենից զատ մենք լավ ընկերներ էինք: Գուցե ես նրա համար, որպես ավագ եղբայր օրինակ էի հանդիսանում, խորհրդատու էի, բայց ընտանեկան հարցերում հայրս միշտ Արմանից էր խորհուրդ հարցնում, քանի որ նա սառը և ճիշտ դատելու, վերլուծելու հիանալի կարողություն ուներ»,-ասում է մեր ուսանողը:

Անասելի մեծ ցավ է. Արթուրը տեսել է, թե ինչպես է ռազմաճակատում եղբայրն ընկնում հերոսի մահով, նրանց հեռավորությունն ընդամենը 10 մետր է եղել…

Բայց հիմա էլ նրանք միասին են, նրանց եղբայրական սերն անհաղթ է, պարզապես, հիմա մեկը երկրային կյանքում է, մյուսը` երկնային: Արթուրը սովորելու է Արմանի կուրսում, այստեղ էլ ամեն ինչ սիրելի եղբորն է հիշեցնելու, ապրեցնելու է նրան:

Արման Մալխասյանը բացառիկ սովորող, առաջադեմ, ստեղծագործող, հայրենասեր  երիտասարդ էր: Դպրոցահասակ տարիներից նա բանաստեղծություններ էր գրում Հայաստանի, հայ եկեղեցու ու հայի հավատի մասին: Դրանք այժմ թանկ հուշ են դարձել: Իրենց դիրքի մատուռի կողքին էլ սպիտակ քարերով մեծ խաչ էր սարքել ու իր ձեռքով գրել` «Աստված պահապան բոլոր հայ դիրքապահներին»: Նրա հիշատակը չմարող ու հուսատու լույս է, որը մեզ միշտ առաջնորդելու և ուժ է տալու. Արմանի նման անմահ տղաները մեզ ապրելու իրավունք նվիրեցին:

Հավերժ փա′ռք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին