ՀՊՏՀ մագիստրանտ Հայկի հոգում անափ հայրենասիրություն կար. հայրենիքի անմահ զինվոր-կամավորը

18.01.2021
Դիտումների քանակ՝ 1793

Ներկայացնում ենք ՀՊՏՀ բիզնեսի կազմակերպում մասնագիտացման 1-ին կուրսի մագիստրանտ, հայրենիքի համար մղվող պայքարում սխրանքներ գործած ու փառքով  նահատակված Հայկ Ասատրյանին: Նրա մասին խորը ցավով մեզ հայտնեց ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Նարեկ Կեսոյանը։

«Նա անասելի հայրենասեր էր, և այն հայրենասերներից էր, որ ոչ թե սոսկ խոսում էր, այլ գործում»,-ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Հայկի ընտրյալ Սրբուհի Բալայանը:

Հայկ Ասատրյանը ավարտել էր ԵԹԿՊԻ դերասանական արվեստի բաժինը (երկրորդ լուսանկարը` նրա հերթական ներկայացումից), շնորհալի, աշխատասեր ու խոստումնալից երիտասարդ էր: Կենսասեր ու ժպտերես երիտասարդը փոքրիկ բիզնես էր հիմնել, նպատակ ուներ զարգացնել այն և, նաև բիզնեսի ոլորտում խորամուխ լինելու  նպատակով, ընդունվել էր ՀՊՏՀ:

Սրբուհին պատմում է, որ նա սեպտեմբերի 27-ին կամավորագրվել է ու մեկնել Արցախ, մի քանի օր մասնակցել է զորավարժությունների ու արդեն հոկտեմբերի 2-ին դուրս եկել ռազմաճակատ` Մեխակավան (Ջեբրաիլ): Մարտական ընկերների խոսքով` Հայկը պատերազմում տասնյակ կյանքեր է փրկել, 70 հոգանոց խմբին դուրս է բերել շրջափակումից: Տուն վերադարձած ընկերները փնտրել են նրան, որպեսզի շնորհակալություն հայտնեն իրենց կյանքը փրկելու համար, ավա᷉ղ…

Հոկտեմբերի 15-ից նրա մասին լուր չի եղել, ընտանիքն ու հարազատները հույսով սպասել են նրա վերադարձին, ցավոք, հունվարի 3-ին գտնվել է Հայկի մարմինը….

«Կյանքն ու մարդկանց  սիրող բացառիկ անձնավորություն էր Հայկը. բարի, նվիրվող, կարեկցող: Նրա հետ ծանոթացել եմ ԵԹԿՊԻ-ում, խաղացել ենք «Դեպի տուն» ներկայացման մեջ, մարմնավորել ենք քույր ու եղբոր կերպարներ, այդպես մտերմացել ենք ու ծնվել է մեր գեղեցիկ ու հեքիաթային սերը… Պատերազմից զանգել ու ասել էր, որ մինչև կռիվը չավարտվի` տուն չի վերադառնա, իսկ երբ վերադառնա, ինձ մատանի կնվիրի ու ամուսնության առաջարկություն կանի: Մենք էլ նրա այդ խոսքից կառչած` հույսով սպասում էինք, որ պատերազմն ավարտվի…Ես Հայկին շատ եմ սիրել…. ու սիրում եմ, նա այդ մասին գիտեր ու գիտի, միակ մխիթարանքս դա է դարձել»,-ասաց Սրբուհին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսանյութ, որում հայրենիքի նվիրյալ Հայկն ասմունքում է. Քելե′ Լաո, քելե′ երթանք մըր Էրգիր…

Փառք ու պատիվ, անմա′հ հերոս:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին