ՀՊՏՀ ուսանող-զինվորը պատերազմում 3 անօդաչու սարք է խոցել. նա կարճատև արձակուրդում է, օրերս այցելել է համալսարան

06.12.2020
Դիտումների քանակ՝ 1377

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շարունակում է ասպարեզ բերել և իր ընթերցողին ներկայացնել պատերազմում արիությամբ աչքի ընկած ու սխրանքներ գործած ՀՊՏՀ ուսանողներին: Այսօր մեր հերոսը Մարտին Արմանի Բաղդասարյանն է` հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող: Պատերազմի օրերին նա հսկել է Ակնայի (Աղդամ) սահմանը:

Հակաօդային պաշտպանության մասնագետ է և հայ ժողովրդի պատմության ճակատագրական օրերին լավագույնս իրացրել է զինվորական գիտելիքները: Ծառայության մեջ գտնվելով ընդամենը 1 տարի` Մարտինը կարողացել է յուրացնել ՀՕՊ մասնագետին անհրաժեշտ որակները և ի զարմանս զինակիցների` զինվորական նորաթուխ մասնագետը ցուցաբերել է փայլուն իմացություն: Նա հրաձիգ-զենիթահար է: Արցախա-ադրբեջանական պատերազմի տարբեր ժամանակահատվածներում միայնակ խոցել է թշնամու 3 անօդաչու թռչող սարք: Հրամանատարը, սխրանքների համար, նրան ներկայացրել է «Արիության մեդալի»: Մարտինը Աշտարակի Ագարակ գյուղից է: Բանակ է զորակոչվել 2020 թ. հունվարին, ծառայության ավարտին մնացել է 13 ամիս: Ծառայում է Ասկերանում, այժմ գտնվում է լրացուցիչ` 7-օրյա արձակուրդում:

asue.am-ը, օգտագործելով պատեհ առիթը, կապ է հաստատել Մարտինի հետ, արձանագրել նրա հետպատերազմական տպավորությունները: Նա համեստորեն չցանկացավ ինքն իրեն հերոս անվանել, սակայն խոստովանեց` ամենուր` տանը, բակում, համալսարանում իրեն ընդունում են հերոսին արժանի կերպով, ինչը, ինչ խոսք, անչափ հաճելի է, միաժամանակ` պարտավորեցնող:

«Այն, ինչի միջով անցանք վերջերս, փորձություն էր, նաև փորձառություն: Մենք, իհարկե, պատրաստ էինք: Բայց գիտեք` պատերազմում ամեն ինչ այլ է, մտածելու ժամանակ չկա և պետք է կողմնորոշվել ու գործել գերճշգրիտ: Այդ պահին մի գերբնական ուժ է գալիս դեպի քեզ, և անում ես գուցե մինչ այդ ինքդ քեզ անհնարին թվացողը: Հաճախ, զգալով մոտ վտանգը, չեմ սպասել հրամանի և անմիջապես անցել եմ հակառակորդի խոցման գործին»,-պատմում է Մարտինը: Օրերս հերոսն այցելել է ՀՊՏՀ, հանդիպել կուրսընկերներին, կարոտն առել համալսարանից: Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը իր աշխատասենյակում հյուրընկալել է նրան և զինծառայության մեջ գտնվող ուսանող, նույն ֆակուլտետի 1-ին կուրսեցի Արամ Մարտիրոսյանին, ով նույնպես աչքի է ընկել քաջագործություններով (Արամի մասին մեր հրապարակմանը ծանոթացեք այստեղ: Դեկանը զրուցել է տղաների հետ, իր երախտագիտությունը հայտնել և տոկունություն ու խաղաղ ծառայություն մաղթել: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Մարտինը` վաղն առավոտյան մեկնում է ծառայությունը շարունակելու և համակուրսեցիներին, ուսխորհրդականներին (նա Ուխ անդամ է) խոստացել է, որ մեկ տարի անց վերադառնալու է սիրելի համալսարան` համատեղ վայելելու ուսանողական քաղցր տարիները:

Բարի վերադարձ, սիրելի’ Մարտին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին