ՀՊՏՀ ուսանողները՝ միջազգային դասընթացի մասնակից

14.04.2023
Դիտումների քանակ՝ 841

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Ստեղծարար երիտասարդություն» ՀԿ-ի արդյունավետ համագործակցությունն առանձնացավ հերթական հետաքրքիր իրադարձությամբ։ Ապրիլի 1-ից 10 Քոբուլեթում (Վրաստան) կայացած Equality, Equity and Justice («Հավասարություն, անաչառություն և արդարություն») խորագրով միջազգային դասընթացին մասնակցություն ունեցան ՀՊՏՀ «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներ Մեսրոպ Հայրապետյանը և Անժելա Վարդանյանը, «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Սուսաննա Հակոբյանը և Ռոզա Աբրահամյանը, նույն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Մերի Բաղդասարյանը, ինչպես նաև 1-ին կուրսի մագիստրանտ Կարեն Եղոյանը։

Դասընթացի մասնակիցների թվում եղել են տարբեր երկրներից ժամանած պատվիրակներ, որոնց հետ ՀՊՏՀ ուսանողներն ակտիվ շփումներ են ունեցել, բարեկամական և մասնագիտական կապեր ու ծանոթություններ հաստատել, փոխանակել գաղափարներ ու փորձ, իսկ միջմշակութային երեկոներին նրանց ծանոթացրել հայկական ազգային ավանդույթներին, բարքերին, ուտեստներին, երգ ու պարին։

Մասնակիցներից շատերի համար սա առաջին փոխանակման ծրագիրն էր, և անգլերենի փայլուն իմացությունն օգնել է ոչ միայն թեմատիկ դասախոսությունները յուրացնել, այլև ազատորեն հաղորդակցվել մասնակիցների հետ։

Դասընթացին ակտիվ մասնակցության համար ուսանողներն ստացել են հավաստագրեր, ուղևորության ընթացքում շրջագայել Քոբուլեթ և Բաթում քաղաքներով, հարակից տեսարժան վայրերով, Վրաստանից վերադարձել վառ ու անմոռաց տպավորություններով։