Հայտնի են տնտեսագիտական էսսեների հանրապետական մրցույթի հաղթողները

14.04.2023
Դիտումների քանակ՝ 908

Այսօր՝ ապրիլի 14-ին, ՀՊՏՀ-ում ամփոփվեց տնտեսագիտական էսսեների հանրապետական մրցույթը, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ։ Մարտի 31-ին կայացած մրցույթին մասնակցել են ավագ դպրոցների 12-րդ դասարանների ու քոլեջների ավարտական կուրսերի 3 տասնյակ պատանիներ։

«Ինչպես հզորացնել Հայաստանի մարզերի տնտեսությունը» և «Թղթադրամնե՞ր, թե՞ էլեկտրոնային փող։ Ո՞րն է վճարման նախընտրելի տարբերակը» թեմաներից մասնակիցներն ընտրել էին իրենց առավել հոգեհարազատը և փորձել շարադրանքը համապատասխանեցնել թեմային, դրսևորել ստեղծագործական միտք, մոտիվացիա, տրամաբանական փաստարկումներ անել և այդ ամենը լեզվական տեսանկյունից մատուցել ճիշտ ու գրագետ։ ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի 5 անդամից բաղկացած հանձնաժողովը, ամփոփելով մրցույթի արդյունքները, ընտրել է լավագույն աշխատանքները, որոնց հեղինակներին հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը։ Հավաստիացնելով, որ մրցութային հանձնաժողովը պահպանել է օբյեկտիվ գնահատման բոլոր չափանիշները՝ ռեկտորն ընդգծեց, որ նախապատվությունը տրվել է «տնտեսագիտորեն» մտածող աշակերտներին։

Եվ այսպես, «Տնտեսագիտական էսսեների մրցույթ–2023»-ի հաղթողներն են Սաթինե Նազարյանը (1-ին մրցանակ), Լուսինե Դավթյանը (2-րդ մրցանակ) և Սրբուհի Միրումյանը (3-րդ մրցանակ)։ Նշենք, որ վերջիններս ՀՊՏՀ ընդունվելու դեպքում կարժանանան 100 000-ական ՀՀ դրամ կրթաթոշակի։ Մրցույթի չորս մասնակից արժանացավ հանձնաժողովի համակրանք մրցանակին։ Հավաստագրերով և ՀՊՏՀ բրենդային նվերներով պարգևատրվեցին էսսեների մրցույթի մյուս բոլոր մասնակիցները։