Խորհրդանշական միջոցառում՝ ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնում

Դիտումների քանակ՝ 1599

Նախորդ շաբաթ սրտառուչ միջոցառում է կազմակերպվել ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնում: Ընթացիկ ուսումնական տարում ամբիոնի ընդհանուր ժամային բեռնվածության կրճատմամբ, ինչպես նաև՝ անձնակազմի սերնդափոխության գործընթացի սահունության ապահովման անհրաժշտությամբ թելադրված, ամբիոնի երկարամյա դոցենտներ Վալերի Ալեքսանյանի, Հակոբ Հակոբյանի և Արենիկ Կոստանդյանի բեղուն գործունեության ակտիվ դասախոսական շրջանն ավարտված համարելով՝ միաժամանակ ազդարարվեց անցումը գործունեության ոչ պակաս կարևոր և պատասխանատու փուլի, որի ընթացքում ամբիոնի վաստակաշատ աշխատակիցներն իրենց փորձն ու հմտությունները կշարունակեն փոխանցել իրենց աշակերտներին՝ ամբիոնի միջին և կրտսեր սերնդի դասախոսներին:

«Այս նոր շրջափուլը նախորդներից կտարբերվի միայն նրանով, որ մեր ավագ գործընկերները ամբիոնի աշխատակցի ձևային կարգավիճակը կփոխարինեն ուսուցչի ոչ ձևային, միաժամանակ՝ չափազանց պատվաբեր ու պարտավորեցնող կոչմամբ: Եվ այս բարձր կոչմանը հավատարիմ՝ կշարունակեն իրենց արժանապատիվ ծառայությունը՝ հանուն մեր համալսարանի և վիճակագրության ամբիոնի հետագա զարգացման»,- այս խոսքերն ուղղելով հանդիսության հերոսներին՝ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը համոզմունք է հայտնել, որ դոցենտներ Ալեքսանյանի, Հակոբյանի և Կոստանդյանի առաքելությունն ամբիոնում դեռևս հեռու է ավարտված համարվելուց և խնդրել է շարունակել ակտիվորեն մասնակցել ամբիոնային կյանքին և գործունեությանը՝ որպես փորձագետ և խորհրդատու: Դոցենտներ Վ. Ալեքսանյանին, Հ. Հակոբյանին և Ա. Կոստանդյանին երախտիքի խոսքեր է հղել նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի կայացման գործում նշանակալի ավանդի, կրթության ոլորտում երկարամյա անխոնջ ծառայության և անմնացորդ նվիրման, գիտնական-դասախոսի կոչումը բարձր պահելու համար խրախուսելով շնորհակալագրերով:
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկանի ժ.պ. Սոս Խաչիկյանը, շնորհակալագրերը հասցեատերերին հանձնելով, համոզմունք է հայտնել, որ մեր ավագ գործընկերների կենսագրության նոր շրջանը, նախորդների նման, հարուստ կլինի ստեղծագործ նվաճումներով և գիտական ձեռքբերումներով: «Ամբիոնի բոլոր աշխատակիցները, միանալով նախորդ բանախոսներին, իրենց ելույթներում երախտիքի, գնահատանքի ու մեծարանքի խոսքեր ուղղեցին, որոնք խտացնելով կարելի է արտահայտել այնպիսի պարզ, միաժամանակ՝ խորը և տարողունակ բառով՝ շնորհակալություն»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Արմեն Քթոյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին