ՀՊՏՀ ուսանողները՝ միջբուհական ֆինանսական մրցույթի հաղթող

Դիտումների քանակ՝ 3634

IAB Բիզնեսի միջազգային ակադեմիան երեկ Հայկական բարեգործական ընդհանուր միությունում կազմակերպել էր ամենամյա ֆինանսական մրցույթ՝ KPMG ընկերության հետ համատեղ: Մրցույթը հնարավորություն է տալիս հաշվապահական հաշվառման, աուդիտի և ֆինանսների ոլորտների ուսանողներին ցուցաբերել իրենց մասնագիտական հմտություններն ու գիտելիքները տվյալ ոլորտների վերաբերյալ:

Մրցույթին մասնակցում էին հայաստանյան մի շարք բուհերի՝ Երևանի պետական, Հայաստանի ամերիկյան, Հայ-ռուսական, Հայաստանում Ֆրանսիական, Հայաստանի ազգային ագրարային (Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն) համալսարանների 4-րդ կուրսերի ուսանողներ: ՀՊՏՀ-ն մասնակցում էր երկու թիմերով՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ու ֆինանսական ֆակուլտետներից, որոնց աշխատանքները համակարգում էին համապատասխանաբար ֆինանսական հաշվառման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Լևոն Սահակյանը և ֆինանսների ամբիոնի ասիստենտ Ասյա Խալաթյանը: KPMG ընկերության կողմից մրցույթին մասնակից բոլոր թիմերին տրվեց մեկ կազմակերպության ֆինանսական փաստաթղթերի փաթեթ, որում առկա սխալները պետք է գտնեին ուսանողները: Աշխատանքի կատարման համար հատկացվեց մեկ ժամ:

Առաջադրանքների շարքում ևս մեկ հանձնարարական էր՝ յուրաքանչյուր թիմ պետք է ստեղծեր իր ապագա կազմակերպության տարբերանշանը, ձևակերպեր տեսլականը և հիմնական արժեքները, որը թիմերի կողմից ներկայացվեց մրցատյանին: Մինչ մրցատյանը կգնահատեր կատարված աշխատանքները, ուսանողներին ներկայացվեց «Ինչպե՞ս ճիշտ ներկայանալ հարցազրույցի» թեմայով շնորհանդես:

Մրցատյանի որոշման արդյունքում մրցույթին մասնակից 7 թիմերից հաղթական առաջին հորիզոնականը կիսեցին ՀՊՏՀ երկու թիմերը՝ հավասար միավորներով: KPMG ընկերությունը հաղթողներին հնարավորություն կընձեռի մասնակցելու իրենց կողմից կազմակերպվող ամառային ճամբարին, իսկ IAB Բիզնեսի միջազգային ակադեմիան հաղթողներին կշնորհի վկայականներ:

ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի պետ Լիլիթ Գյուլգյուլյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնելով մրցույթի մանրամասները՝ նշեց. «Մրցույթը լավ հնարավորություն էր ուսանողների համար՝ փորձելու իրենց ուժերը, դրսևորելու իրենց գիտելիքները: Ուսանողների մեծ մասն արդեն իսկ հասցրել էր ձեռք բերել աշխատանքի պրակտիկ փորձ, ինչը մեծապես օգնեց նրանց հաջողության հասնելու այս մրցույթում: Ահա թե ինչու է մեր համալսարանը մեծապես կարևորում և շարունակաբար ավելացնում ուսանողների փորձառությունների և ուսմանը զուգահեռ աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորությունները: Նմանատիպ մրցույթների անցկացումը կարևորում ենք նաև այն պատճառով, որ դրանք հնարավորություն են տալիս ոչ միայն ընդլայնել մասնագիտական գիտելիքների շրջանակը, այլև զարգացնել ժամանակի կառավարման, թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտությունները»: Լիլիթ Գյուլգյուլյանը շնորհակալություն հայտնեց մրցույթի կազմակերպիչներին նման հնարավորություն ընձեռելու համար, ինչպես նաև ուսանողներին և ամբիոններին՝ հատկապես թիմերի ղեկավարներ Լևոն Սահակյանին և Ասյա Խալաթյանին՝ թիմային աշխատանքները արդյունավետ կերպով կոորդինացնելու համար: Բաժնի պետը հավաստիացրեց, որ այսուհետ մեր համալսարանը բաց չի թողնելու մեր բուհը լավագույնս ներկայացնելու որևէ հնարավորություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին