Հուլիսը՝ միջազգային համալսարանական մարզական միջոցառումների ամիս. ՀՊՏՀ ուսանողները՝ պատվիրակության կազմում

Դիտումների քանակ՝ 1206

Հայաստանի ուսանող մարզիկները, այդ թվում՝ ՀՊՏՀ-ից, հուլիսին իրենց ակտիվ մասնակցությունը կունենան նաև արտերկրում կայանալիք համալսարանական մարզական մի շարք միջոցառումներին: Առաջիկա խոշոր միջազգային մարզական ստուգատեսների մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին մանրամասներ է հաղորդել ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Եվրոպայի համալսարանական սպորտի  ասոցիացիայի նախագահության անդամ  և աուդիտոր Հովհաննես Գաբրիելյանը:

Այսպիսով, հուլիսի 3-14-ը Իտալիայի Նեապոլ քաղաքում կայանալու է Համաշխարհային հոբելյանական 30-րդ ունիվերսիադան, որին մասնակցելու են շուրջ 10 հազար մարզիկներ՝ 160 երկրից: Ունիվերսիադայում Հայաստանը հանդես է գալու 19 ներկայացուցչից բաղկացած պատվիրակությամբ, որը գլխավորելու է Հովհաննես Գաբրիելյանը: Հայ մարզիկները մասնակցելու են 7 մարզաձևի առաջնության, 14 մարզիկների շարքում են ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողներ եռացատկորդ Լևոն Աղասյանը և ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը:

Հուլիսի 14-23-ը Պորտուգալիայի Բրագա քաղաքում տեղի է ունենալու Ֆուտզալի Եվրոպայի համալսարանական առաջնությունը, որին որպես Եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչ և հատուկ պատվիրակ ներկա է գտնվելու Հովհաննես Գաբրիելյանը:

Հուլիսյան միջազգային համալսարանական մարզական միջոցառումները կամփոփվեն հուլիսի 23-29-ը Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կայանալիք Շախմատի եվրոպական առաջնությամբ, որտեղ ՀՊՏՀ-ն կներկայացնեն ֆինանսական ֆակուլտետի մագիստրանտներ, գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը և միջազգային վարպետ Տիգրան Պետրոսյանը: ՀՊՏՀ պատվիրակությունը ևս կղեկավարի Հովհաննես Գաբրիելյանը:

Մեր մարզիկներին մաղթում ենք հաջող ելույթներ և հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին