«ՀՊՏՀ Ամառային դպրոց-2022»-ը հյուրընկալեց ՀՀ մարզերի և Երևանի ավագ դպրոցների աշակերտներին

14.07.2022
Դիտումների քանակ՝ 1738

Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Սյունիքի, ՀՀ մյուս մարզերի և մայրաքաղաքի ավագ դպրոցների 44 հաջողակներն այսօր «ՀՊՏՀ Ամառային դպրոց-2022»-ի շրջանակում իրենց երազած համալսարանում են և 2 օր շարունակ հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալու բուհին, այլև ջերմ հարաբերություններ կառուցելու։

Ամառային դպրոցի մասնակիցներին ողջունեցին և բարի գալուստ մաղթեցին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, շարունակական կրթության բաժնի պետ Աղավնի Հակոբյանը և բուհի ուսխորհրդի նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը։ ՀՊՏՀ ընդունելության գործընթացի, մասնագիտությունների, միջազգային փոխանակման ծրագրերի, գործատուների հետ արդյունավետ համագործակցության, ուսանողական խորհրդի, ուսման վարձերի փոխհատուցման ու փոխատեղման բազմաթիվ ծրագրերի, կարճաժամկետ դասընթացների, անվանական կրթաթոշակների մասին խոսեցին ու համակողմանիորեն ներկայացրին իրենք՝ ուսանողները։

Ամառային դպրոց կազմակերպելու գաղափարը ՀՊՏՀ ղեկավարությունը հղացել էր դեռևս տարեսկզբին։ Ապրիլին նախաձեռնությունը ներկայացվեց հանրապետության ավագ դպրոցների տնօրեններին, վերջիններս մեծ խանդավառությամբ ընդունեցին այն, և բուհի շարունակական կրթության բաժնի աշխատակիցները ձեռնամուխ եղան գործընթացի պատշաճ իրականացմանը։ Հանրապետության մի քանի տասնյակ դպրոցներից ընդունվեց գրեթե 150 հայտ, որոնք մանրակրկիտ դիտարկվեցին, և ընտրությունը (մոտիվացիոն նամակների միջոցով) կանգ առավ ավելի քան չորս տասնյակ մասնակիցների վրա։

ՀՊՏՀ-ի հետ ավագ դպրոցների աշակերտների ուսանելի և անմիջական շփումը կանցնի հագեցած ծրագրով. այսօր և վաղը ՀՊՏՀ դասախոսները նրանց կծանոթացնեն թվային մարքեթինգին, STEM կրթության կարևորությանն ու հեռանկարներին, բազմաթիվ այլ արդիական թեմաների։

Ապագա ՀՊՏՀ-ականներն այսօր ժամանակ անցկացրին նաև համալսարանի բակում, որտեղ և հանդիպեցինք նրանց և զրուցեցինք: Արարատի մարզի Այնթափ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ինեսա Աբրահամյանը խոստովանում է՝ ՀՊՏՀ Ամառային դպրոցը գերազանցեց իր բոլոր սպասելիքները: Կառավարում, թե ֆինանսներ, Ինեսան դեռ չի հստակեցրել, բայց հաստատ է որոշումը՝ այստեղ է սովորելու։

Բայց ահա Գեղանիստի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Սիրանուշ Պողոսյանը դեռ կորոշի՝ որ համալսարանն է ընտրելու։ Ասում է՝ իր մոտիվացնող նամակի մեջ հենց այդպես էլ գրել է՝ «Թող համալսարանն ապացուցի, որ ես պետք է գամ այստեղ, ու ես կգամ»։

Իսկ Ֆեոդոր Ավետիսյանը համոզված է՝ ՀՊՏՀ-ն իր առջև բազում հնարավորություններ կբացի: Հարազատ քրոջ՝ Տնտեսագիտականում ուսանելու փորձը և այսօրվա ջերմ ընդունելությունը շիրակցի երիտասարդին վստահություն են ներշնչել։

Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ելենա Զաքարյանն էլ դպրոցի մասին տեղեկացել է ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջից, որին հետևում է՝ սկսած այն պահից, երբ որոշեց՝ «Ժողի» ուսանող է լինելու։ Տնտեսագիտական համալսարանում է ուսանել նաև Ելենայի մայրը, այժմ էլ՝ քույրը։ Մի գեղեցիկ օր էլ կիրականանա ՀՊՏՀ-ում ուսանելու նրա երազանքը. որոշել է մասնագիտանալ հաշվապահության մեջ։