Երկու անմոռանալի օր ՀՊՏՀ-ում. Ամառային դպրոցն ամփոփեց աշխատանքները

15.07.2022
Դիտումների քանակ՝ 1755

Հուլիսի 14-ին մեկնարկած «ՀՊՏՀ Ամառային դպրոց-2022»-ը, որը համախմբել էր հանրապետության ավագ դպրոցների ավելի քան չորս տասնյակ աշակերտների, շարունակվեց և ամփոփվեց հուլիսի 15-ին։ Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ օրն անցավ հագեցած ու բովանդակալից մթնոլորտում, ջերմ ու անկաշկանդ շփումներով։

Մասնագիտական թեմաներով դասախոսությունները, թիմային խաղերն ու գործնական աշխատանքները նոր գիտելիք, հմտություն, թիմային աշխատանքի փորձ և կարողություն փոխանցեցին մասնակիցներին:

Եվգենյա Բազինյանի «STEM կրթություն. կարևորություն և հեռանկարներ», Աիդա Միրումյանի «Ինչու սովորել տնտեսագիտություն», Ժորա Ստեփանյանի «Ֆինանսական գրագիտություն», Գագիկ Բադադյանի «Իշխանություն և առաջնորդում», Գրիշա Ամիրխանյանի «Թվային մարքեթինգ», Լուսինե Խուրշուդյանի «Հնարավորությունների քո չափաբաժինը» թեմաներով բանախոսությունները ուղեկցվում էին աշխույժ հետաքրքրությամբ, ակտիվ հարցուպատասխանով:

Աշակերտների շրջանում հատկապես մեծ աշխուժություն առաջացրին թիմային աշխատանքների ներկայացում-շնորհանդեսները։ Նախապես բաժանվելով թիմերի՝ մասնակիցները մշակել էին բիզնես ծրագրեր՝ գրասենյակային կահույքի, գազավորված ըմպելիքների, արագ սննդի կետի, շոկոլադի, պայուսակների, դասական հագուստի, նոթատետրերի արտադրության և վաճառքի: Նրանք նաև մտահղացել էին կազմակերպության անունը, լոգոն, կարգախոսը, ընտրել էին թիրախային լսարան՝ չմոռանալով իրենց բիզնեսի զարգացման ռազմավարության, ֆինանսական պլանավորման, անգամ մրցակիցների մասին։ Իրենց նորաստեղծական բիզնես գաղափարները «նորաթուխ գործարարներն ու մարքեթոլոգները» ներկայացրին բավական անմիջական ու արհեստավարժ կերպով:

Ամառային դպրոցի մասնակիցները ՀՊՏՀ-ից հեռացան ոչ միայն վառ տպավորություններով, այլև հասակակիցների հետ ծանոթություններ հաստատած, տնտեսագիտության և Տնտեսագիտական համալսարանի վերաբերյալ նորանոր բացահայտումներով և, իհարկե, այս հրաշալի միջոցառմանը մասնակցության հավաստագրերով և հուշանվերներով: