Կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստը

Դիտումների քանակ՝ 4926

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ Տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի նիստը՝ գիտական խորհրդի նախագահ, ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Դիանա Գալոյանի նախագահությամբ:

Ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ տեղի կունենա երկու նիստ, ներկայացրեց օրակարգերը՝ զեկուցելով առաջին երկու՝ ««Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհրդի կանոնակարգում», ինչպես նաև «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհրդի՝ 2019 թվականի ապրիլի 30-ի նիստի N 11 արձանագրությամբ հաստատված «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը:

Ծավալվեց քննարկում, որի ընթացքում գիտական խորհրդի անդամներին հետաքրքրում էր առաջարկվող կանոնակարգերում փոփոխությունների և լրացումների անհրաժեշտությունը: Ներկայացվեց, որ ՀՊՏՀ մի շարք դասախոսների կողմից կարգը դատարանում վիճարկելուց հետո ՀՊՏՀ-ն, խորհրդատվություն ստանալու նպատակով, կարգը տվել է իրավաբանական եզրակացության: Փորձառու իրավաբանները կատարել են վիճարկվող դրույթների մանրամասն վերլուծություն: Յուրաքանչյուր կետի առնչությամբ ներկայացվել է, թե արդյոք առկա են ՀՀ որևէ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական փաստաթղթի հակասությամբ պայմանավորված ռիսկեր: Ըստ ստացված եզրակացության` կարգը որոշ օրենքների հետ ունի հակասություններ կամ առկա է ռիսկ, որ կարող է բառացի մեկնաբանման պարագայում լինել հակասության մեջ: Բոլոր նմանատիպ դեպքերի համար առաջարկվել են համապատասխան փոփոխություններ, և այսօր գիտական խորհրդին առաջարկվող փոփոխությունները նույնպես պայմանավորված են այդ հակասությունների բացառմամբ և, ըստ այդմ, ռիսկերի չեզոքացմամբ: Ներկայացվեց նաև, որ առաջարկվող ընթացակարգային փոփոխությունը պայմանավորված է նաև մրցույթի արդյունքում ընտրված կադրերին, ըստ օրենքի պահանջների, որևէ մակարդակի խորհրդում ընտրելու անհրաժեշտությամբ:

Գիտական խորհրդի կողմից բաց քվեարկությամբ ընդունվեցին առաջարկվող փոփոխությունները:

Առաջին նիստն ավարտվեց օրակարգային 3-րդ հարցի ներկայացմամբ: ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ատոմ Մարգարյանը հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթի շրջանակներում իրականացվող 18T-5B152 ծածկագրով «Կիրառական նշանակության գիտահետազոտական մշակումների արտոնագրման և առևտրայնացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայի 01.09.2018 - 31.08.2019 ժամանակահատվածն ընդգրկող ընթացիկ (միջանկյալ) հաշվետությամբ, որը ևս հաստատվեց:

Գիտական խորհրդի երկրորդ նիստի օրակարգում երկու հարց էր՝ փակ, գաղտնի քվեարկության դրվեցին  9 պրոֆեսորների, ինչպես նաև գիտամանկավարժական կազմի ընտրության հարցերը: Ներկայացվեց, որ  սույն թվականի մայիսի 31-ին հայտարարված թափուր դասաժամերի մրցույթին ՀՊՏՀ ակադեմիական անձնակազմից, այլ բուհերից, մասնավոր ու պետական հատվածի կազմակերպություններից մասնակցելու հայտ  ներկայացրած 437 անձանցից՝ սույն թվականի հունիսի 24-ից հուլիսի 9-ը համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովների անցկացրած հարցազրույցների արդյունքներով, 285-ը բավարարել է մրցույթի կարգով նախատեսված չափանիշներին և ներկայացվել է գիտական խորհրդին՝ պրոֆեսորի, դոցենտի, ասիստենտի և դասախոսի պաշտոններում ընտրության նպատակով:

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում խորհուրդը պրոֆեսորի պաշտոնում ընտրեց 9 հավակնորդներից 7-ին: Գիտական խորհուրդը իր քվեարկությամբ առաջարկվող հավակնորդներից որևէ մեկին չընտրեց դոցենտի, ասիստենտի և դասախոսի պաշտոնում:

Արձանագրվեց նաև, որ ստեղծված իրավիճակում գիտամանկավարժական կազմի տեղակալման գործընթացները կանոնակարգվում են ««Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգի» 29-րդ կետով, ըստ որի 2019-2020 ուսումնական տարում  բեռնվածություն են ստանալու կանոնակարգի չափանիշներին համապատասխանող հավակնորդները:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան