ՀՊՏՀ և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի շրջանավարտները ստացան ավարտական վկայականներ

Դիտումների քանակ՝ 2678

ՀՊՏՀ և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի համատեղ մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին երեկ հանձնվեցին ավարտական վկայականները (կրկնակի դիպլոմներ): Նորաթուխ մասնագետներին շնորհավորանքներ հղեցին ՀՊՏՀ-ում ծրագրի համակարգող, ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Խորեն Մխիթարյանը և ՈւՄԵՖ համալսարանի ռեկտոր,  պրոֆեսոր Ջավեդ Սանգդելը:

Մագիստրոսական ծրագրի պատասխանատուները սկզբում հանձնեցին գերազանցության դիպլոմները: Այսպիսով, 2018-2019 ուսումնական տարում ՀՊՏՀ և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի համատեղ մագիստրոսական ծրագիրն ունի 21 շրջանավարտ, որից 6-ը Կարմիր դիպլոմակիր են:

Խորեն Մխիթարյանը հիացմունքով նշեց, որ ուսումնառության ողջ ընթացքում ուսանողները ջանասիրաբար լծվել են մասնագիտանալու, սովորելու գործին և հույս հայտնեց, որ նույնքան եռանդով էլ իրենց գիտելիքը ծառայեցնելու են մասնագիտական ոլորտում հաստատուն տեղ գտնելու գործին:

Նույն ուղերձը հղեց նաև Ջավեդ Սանգդելը. «Ձեր կրթությունը ծառայեցրե'ք դրական փոփոխություններ կատարելուն»:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Ջավեդ Սանգդելն ասաց, որ ՀՊՏՀ-ի հետ համագործակցության առաջին փորձը հաջողված է, ինչն էլ պայմանավորում է դրա շարունակականությունը:

«Այս ծրագիրը մի շարք առավելություններ ունի. նախևառաջ, դասախոսում են տարբեր երկրների (Գերմանիա, Իտալիա, Չինաստան, Շվեյցարիա) առաջավոր բուհերից հրավիրված, բարձր որակավորում ունեցող դասախոսներ, ուսուցումն անգլերենով է: Ի վերջո, ծրագրի արդյունքում ձեռք բերած գիտելիքն ու դիպլոմը հնարավորություն են տալիս աշխատել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Բոլորին մաղթում եմ բարի երթ»,-ասաց Ջավեդ Սանգդելը:

Հիշեցնենք, որ ծրագիրը հայտարարել է նոր ընդունելություն: Այս մասին ՀՊՏՀ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին