Իրազեկման սեմինարներ ՀՊՏՀ-ում. ի՞նչ անել արտակարգ իրավիճակներում

06.10.2020
Դիտումների քանակ՝ 1126

Տնտեսագիտական համալսարանում մեկնարկել են հակառակորդի հարձակման ժամանակ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարման և առաջին բուժօգնության ցուցաբերման մասին իրազեկման սեմինարներ, որոնց մասնակցում են բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմերի ներկայացուցիչները։

Երեկ նման սեմինար անցկացվեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում, այսօր՝ ֆինանսականում։

ՀՊՏՀ ֆիզդաստիարկության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ, ՀՊՏՀ քաղաքացիական պաշտպանության գործառույթների պատասխանատու Սիրանուշ Հարությունյանը դասընթացի շրջանակներում կարևոր տեղեկատվություն է հաղորդում ազդանշանից հետո դեպի ապաստարաններ տեղաշարժվելու, խուճապից հնարավորինս զերծ մնալու և քաղաքացիական պաշտպանությունը հնարավորինս բարձր մակարդակով կազմակերպելու վերաբերյալ:

Դասախոս Նեդա Պետրոսյանը պարզաբանում է կոտրվածքների, վերքերի և այլ մարմնական վնասվածքների դեպքում առաջին բուժօգնություն ցուցաբերելու ձևերը, որոնք կարող են մարդկային կյանքեր փրկել:

Նախատեսվում է նման սեմինարներ կազմակերպել ՀՊՏՀ մյուս ֆակուլտետներում ևս։ Սիրանուշ Հարությունյանի ներկայացմամբ, հատկապես այս օրերին նման տեղեկատվության փոխանցումը արդիական է և կարևոր։ «Մենք ամեն օր մեր դասերը սկսելիս նախ և առաջ ուսանողներին ներկայացնում ենք այս կանոնները, իսկ տվյալ նախաձեռնության շրջանակներում իրազեկում ենք նաև աշխատակազմին»,-asue.am-ի հետ զրույցում ասաց նա։

Սրտի թրթիռով սպասում ենք, որ մեր հայրենիքի երկինքը շուտով խաղաղվի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին