ՀՊՏՀ ուսանող Դավիթ Գրիգորյանն արժանացել է Արցախի հերոսի բարձրագույն կոչման և շարունակում է ծառայել առաջնագծում

05.10.2020
Դիտումների քանակ՝ 1851

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ուսանող Դավիթ Լյովայի Գրիգորյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արժանացել է Արցախի հերոսի բարձրագույն կոչման: Նա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հասցրել է Կարախամբելի - Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ և մեկ միավոր հետևակային մարտական մեքենա։ Շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում:

Այս մասին այսօր հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով մեր զինվորների հերթական սխրանքները: «Ուզում եմ ասել, որ իրականում ունենք աշխարհի ամենահզոր բանակը...»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը: Ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանը asue.am-ի հետ զրույցում նշեց, որ Դավիթ Գրիգորյանը մեծ ընդունակություններով օժտված ուսանող է, աչքի է ընկել համեստությամբ, հավասարակշռվածությամբ:

Մենք զրուցեցինք նաև Դավիթի կուրսեցի Անուշ Մանուկյանի հետ, ով նշեց, որ անչափ հպարտ է հերոսների հետ նույն կուրսում սովորելու համար: Այս կուրսից է նաև օրերս հակառակորդի դեմ մղվող մարտերում հայրենիքի համար կյանքը զոհաբերած Կարեն Մարգարյանը: «Ցավոք, թշնամու զարկից ընկավ մեր ընկեր Կարենը, ինչի համար շատ ենք ցավում, սակայն հպարտ ենք և Կարենի, և Դավիթի համար»,- ասաց Անուշը: Նրա խոսքով, Դավիթը բարի, համեստ, խելացի, ընկերասեր տղա է, աչքի է ընկնում լավ տրամաբանությամբ:

Փառք մեր հերոսներին և բարի վերադարձ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին