ՀՊՏՀ դասախոսի և Հայ մատենագրութեան թուանշային գրադարանի նախաձեռնությամբ կայացել է «Մի պտույտ Ճապոնում» թվայնացված գրքի շնորհանդեսը

Դիտումների քանակ՝ 1330

ՀՊՏՀ ֆինանսներ ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ., ճապոնագետ Աննա Վարդանյանի և Հայ մատենագրութեան թուանշային գրադարանի նախաձեռնությամբ մայիսի 16-ին տեղի է ունեցել Հեղինէ Մելիք-Հայկազեանի «Մի պտույտ Ճապոնում» գրքի թվայնացված տարբերակի շնորհանդեսը, որին ներկա են եղել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, ՀՀ ԱԺ հայ-ճապոնական բարեկամական խմբի ղեկավար Էդգար Առաքելյանը, գիտնական Մերուժան Կարապետյանը, հայագետ, պատմաբանասեր, Արծվի Բախչինյանը, գրող Արմենուհի Սիսյանը, թումանյանագետներ, հետազոտողներ, ուսանողներ։

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում, ներկայացնելով նախաձեռնությունը, Աննա Վարդանյանը հայտնեց, որ 2 տարի առաջ Ազգային գրադարանում նկատել է հայտնի Հայկազյան տոհմի ներկայացուցիչ Հեղինէ Մելիք-Հայկազեանի «Մի պտույտ Ճապոնում» գիրքը, որը տպագրվել է 1905թ. Թիֆլիսում: «Այս գիրքը, որը տպագրվել է ավելի քան մեկ դար առաջ աննախադեպ ինֆորմացիա է փոխանցում մեզ ոչ միայն այդ ժամանակաշրջանի Ճապոնիայի մասին, այլև հայ և ճապոնացի ժողովուրդների այս պահի դրությամբ ամենահին առնչությունն է բացահայտում։ Ընթերցանության ընթացքում անհամբեր սպասում էի, որ տիկին Հեղինէն ինչ-որ հայկական հետքի վրա կարող էր հայտնվել, կամ հայի հանդիպեր այնտեղ, կամ մի հարց կծագեր անպայման՝ կապված ազգային պատկանելության հետ: Հայ-ճապոնական առնչությունների պատմությունը ինձ համար սկսվում էր հեռավոր արևելքում Դիանա Աբգարի հայանպաստ գործունեության մասին մեզ հասած տեղեկություններով, որոնք նույնպես թվագրվում են այդ ժամանակաշրջանին: Իմ սպասումներն արդարացան»,- պատմեց մեր գործընկերը՝ առաջարկելով տվյալ հատվածին ևս ծանոթանալ http://www.digilib.am հասցեով՝ սույն հղումով, որտեղից անվճար ներբեռնելի է գրքի էլեկտրոնային տարբերակը:

ՀՊՏՀ դասախոսը նշեց՝ հետաքիքիր և հուզիչ էր իմանալ, որ դեռ նախորդ դարասկզբում ապրող ճապոնացիներին հուզել են հայ ազգի խնդիրները: «Ես պատմաբան չեմ և միգուցե շփոթվեմ այս պահին, բայց լինելով կին, ով մշտապես հետևում է հայ-ճապոնական հարաբերությունների պատմական զարգացման ընթացքին, ինձ ծանոթ ամենահին հայ և ճապոնացի ազգերի վերաբերյալ պատմական «թելն» այս պահին կարելի է համարել Հեղինէ Մելիք-Հայկազեանի հեղինակած գիրքի այս փոքրիկ հատվածը»,-ասաց Աննա Վարդանյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին