Եղեգնաձորի մասնաճյուղի ներկայացուցիչը դասախոսել է գերմանական համալսարանում և մասնակցել «Հայկական երեկո» ազգային միջոցառման

Դիտումների քանակ՝ 1515

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի դոցենտ, տ.գ.թ. Գարիկ Սիրոյանը «Էրազմուս+» ծրագրով ապրիլի 29-ից մայիսի 3-ը գտնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանում և տնտեսագիտության ֆակուլտետում հանդես եկել «Միգրացիան ու մարդկային կապիտալի վերարտադրությունը» թեմայով դասախոսությամբ:

Այցի արդյունքների մասին Գարիկ Սիրոյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին մանրամասներ է ներկայացրել:

Գերմանական համալսարանում ՀՊՏՀ ներկայացուցիչը ուսանողների համար պարզաբանել է միգրացիայի՝ որպես սոցիալական, տնտեսական, ժողովրդագրական և հումանիտար երևույթը, պատճառների, դրա հետևանքների և մարդկային ու սոցիալական կապիտալի վերարտադրության գործում դրա ազդեցությանն առնչվող հարցեր:

«Դասախոսությունների ժամանակ ներկայացվեցին միգրացիոն հոսքերի էվոլյուցիոն զարգացումները և ժամանակակից առանձնահատկությունները՝ տեսական մոտեցումների և էմպիրիկ հետազոտությունների համադրությամբ: Գերմանական կրթական համակարգին, դասավանդման մեթոդներին և եղանակներին ավելի խորը ծանոթանալու համար, որպես ազատ ունկնդիր, ներկա եմ գտնվել տեղացի և օտարերկրյա ուսանողների համար անցկացվող մի շարք դասախոսությունների»,- ասաց Գարիկ Սիրոյանը:

Դասախոսություններից և դասապրոցեսին մասնակցելուց զատ, ՀՊՏՀ պատվիրակը հանդիպումներ է ունեցել տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական և ղեկավար անձնակազմի հետ, քննարկել համագործակցության ընդլայնման հնարավորությունները ինչպես հետազոտական և դասախոսների մասնագիտական զարգացման, այնպես էլ երկու ուսումնական հաստատությունների միջև՝ հիմվելով «Էրազմուս+» և այլ ծրագրի շրջանակներում արձանագրած հաջող փորձի վրա: Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Մատիաս Ռիխտերի և պրոֆեսոր Քրիստիան Շումանի հետ դիտարկվել են համատեղ մագիստրոսական ծրագիր հիմնելու կամ հեռահար ուսուցման հատուկ ծրագիր իրականացնելու ուղիները:

Այցը հարստացել է ազգային մշակութային միջոցառմամբ: Մասնավորապես, նույն համալսարանում «Էրազմուս+»-ով սովորող ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Սուրեն Մինասյանի, ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհիներ Լիլիա Մնացականյանի և Սյուզի Վանոյանի, 2-րդ կուրսեցի Արփինե Մաթևոսյանի, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Հայկ Քալանթարյանի կողմից ապրիլի 30-ին կազմակերպվել է  «Հայկական երեկո»: Միջոցառմանը հատուկ հրավերով մասնակցել են բուհի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, վարչական աշխատակիցներ, ուսանողներ, Ցվիկաոյի բնակիչներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ, Հայաստանից ու տարբեր երկրներից ժամանած Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) շրջանավարտների համաժողովի մասնակիցներ:

ՀՊՏՀ-ականները հյուրերին են ներկայացրել հայկական մշակույթը, հայ ժողովրդի պատմությունը, խոհանոցը, ազգային երգ ու պարի ուղեկցությամբ հյուրասիրել հայկական ավանդական ուտեստներ և անուշեղեն: Գարիկ Սիրոյանը աջակցել է միջոցառման պատշաճ կազմակերպմանը: «Հայկական երեկո» նախաձեռնությունը լայն արձագանք է ստացել և լուսաբանվել գերմանական մամուլում և համալսարանի պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ «Էրազմուս+» ծրագիրը մեր բուհում համակարգում է արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին