Կամրջելով Հայաստանի և Արցախի երիտասարդությանը. «Հայրենասեր ուսանող» ֆորումում

Դիտումների քանակ՝ 1401

Մայիսի 3-5-ը ՀՊՏՀ ՈւԽ 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ և Արցախի 18 պետական և ոչ պետական բուհերի ուսանողական ինքնակառավարվող կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ Արցախում կայացել է «Հայրենասեր ուսանող» ֆորումը: Կամակերպիչը մեր համալսարանի ուսանողական խորհուրդն է:

Միջոցառման մեկնարկը ողջունել են Արցախի թեմի Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնի ղեկավար Սամվել սարկավագ Մկրտչյանը և ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը: Առաջին օրը ֆորումի մասնակիցներին է հյուրընկալվել Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը, երիտասարդների հետ քննարկել հայրենասիրության բարձրացմանն ուղղված հարցեր:

Հաջորդ օրը՝ «Ի՞նչ իրավիճակ էր տիրում առաջնագծում երեք տարի առաջ, ե՞րբ և ինչպե՞ս սկսվեցին ապրիլյան մարտական գործողությունները, ի՞նչ ընթացք ունեցան, ինչպիսի՞ն է իրավիճակը առաջնագծում և բանակցային դաշտում պատերազմական գործողություններից երեք տարի անց» հարցերի շուրջ բանախոսել է ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Ուսանողական ինքնակառավարումը Հայաստանում» բանախոսությամբ հանդես է եկել Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը։ «Ուսանողը որոշ ժամանակ առաջ դիտարկվում էր որպես սպառող, եկամտի աղբյուր, իսկ այժմ հենց ուսանողներն են հանդիսանում գլխավոր շահակիրները։ Ունենալով ակտիվ մասնակցություն՝ ուսանողները իրականացնում են բուհի շրջանակներում ինքնակառավարում»,-նշել է ասոցիացիայի փոխնախագահը։ Բանախոսության ընթացքում անդրադարձ է եղել ուսանողական ինքնակառավարման էությանը, ձևավորմանն ու զարգացմանը, քննարկվել են մասնակիցների բարձրացրած՝ թեմայից բխող հարցերը:

Ֆորումի շրջանակներում ուսանողական ինքնակառավարվող կառույցների ղեկավարներին հյուրընկալել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Արցախի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, անվտանգությանը և բանակաշինությանը, արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:  Նախագահ Սահակյանը կարևորել է նման նախաձեռնությունների անցկացումն Արցախում՝ հույս հայտնելով, որ դա կկրի պարբերական բնույթ:

«Հայրենասեր ուսանող» ֆորումն ամփոփվել է մասնակցության հավաստագրերի հանձնմամբ:

Մեզ հետ զրույցում ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանն ասաց, որ ֆորումի մասնակիցները հիանալի տպավորություններով են հեռացել, միջոցառման գլխավոր նպատակը Հայաստան-Արցախ միասնության ամրապնդումն էր:

«Այսպիսով, հոբելյանական միջոցառումների շարքում, սկսում ենք մի նախաձեռնություն, որի շուրջն ենք համախմբել ՀՀ և Արցախի բուհերի 18 ուսանողական կառույցների և համատեղ ջանքերով այս շրջանում պարբերաբար այցելելու ենք Արցախ: Այս ծրագիրը մեկ նպատակ ունի՝ ամրացնել երկու հանրապետությունների երիտասարդության կապը: Ի դեպ, այսօր երեկոյան մեր համալսարանում հյուրընկալելու ենք տարբեր բուհերի ուսխորհրդականներին՝ քննարկելու ծրագրի իրականացման ուղիները: Առաջիկա այցը նախատեսում ենք այս շաբաթվա վերջին»,-ասաց ՈւԽ նախագահը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին