«Բիզնես-գիտություն» համագործակցության խթանմանն ուղղված մրցույթն ամփոփված է. հայտնի են հաղթող ընկերությունները

17.11.2021
Դիտումների քանակ՝ 2124

Նոյեմբերի 16-ին առցանց հարթակում կայացավ «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» միջազգային նախագծի շրջանակում «բիզնես-հետազոտական ենթակառուցվածք» համագործակցության խթանման նպատակով հայտարարված մրցույթի ամփոփիչ միջոցառումը։ Մրցույթին մասնակցել են իրենց բիզնեսում գիտահետազոտական բաղադրիչի զարգացմամբ հետաքրքրված փոքր և միջին ձեռնարկություններ Հայաստանից և Վրաստանից։

Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ասաց, որ Տնտեսագիտական բուհն ավելի քան մեկ տարի է՝ ակտիվորեն համագործակցում է ծրագրով հետաքրքրված ընկերությունների հետ և լիահույս է՝ հաջողված փորձը, որ կուտակվել է Վիշեգրադի երկրներում, կկիրառվի նաև մեզ մոտ։

«Ծրագիրը չափազանց կարևոր է մեզ համար, և մենք մեր բոլոր ջանքերը ներդրել ենք դրա իրականացման և թիրախային խմբերին աջակցելու ուղղությամբ։ Այսօր արդեն վստահաբար կարող ենք խոսել դրական արդյունքների մասին, կարող ենք տեսնել, թե ինչպես են ՓՄՁ-ները մշակել համագործակցության իրենց տեսլականը, ինչը մեծ խթան կհանդիսանա մյուսների համար ևս»,- նշեց Դիանա Գալոյանը։

Գիտության հետ համագործակցության իրենց տեսլականը ներկայացրած և մրցույթի առաջին փուլը հաղթահարած փոքր և միջին 8 ձեռնարկություններին (ՓՄՁ) ներկայացնելով՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի աշխատակից Արփինե Ջրաղացպանյանը նշեց, որ մրցույթը նպատակ ունի հետազոտական ենթակառուցվածքի ներկայացուցիչների հետ մշակել և հավաքագրել ձեռնարկությունների համագործակցության տեսլականը, որը հետագայում որպես գործիք կծառայի՝ նրանց միջև կապն ամրապնդելու համար։

ՀՊՏՀ ներկայացուցչի խոսքով՝ սա հնարավորություն կտա ապահովելու ՓՄՁ-ների կայուն զարգացումն ու առաջխաղացումը և աջակցելու հետազոտական ընկերություններին՝ իրենց հետազոտություններն առևտրայնացնելու հարցում։

Մրցույթի 1-ին փուլը հաղթահարած 8 լավագույն մասնակիցներն առցանց հանդիպման ժամանակ ներկայացրեցին գիտահետազոտական ենթակառուցվածքի հետ համագործակցության իրենց տեսլականները, պատասխանեցին իրենց ուղղված հարցերին։ Նախապես մշակված գնահատման չափանիշների համաձայն՝ նախագծի գործընկեր եվրոպացի փորձագետներն էլ ամփոփեցին մրցույթի արդյունքները և հայտարարեցին 3 լավագույնների անունները, որոնք էլ պարգատրվեցին մրցանակներով։

Եվ այսպես, մրցույթում հաղթել են «Symphony of Nature», «GebeCert» և «AIP Tech» ընկերությունները։

Առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը՝ «Symphony of Nature» ընկերությունը, հետազոտության և զարգացման (R&D) հեռանկարների մշակման հնարավորություն կստանա՝ մրցանակը տրամադրող կազմակերպության՝ Grant Thornton Consulting-ի կողմից։

Երկրորդ տեղը գրաված մասնակիցը` «GebeCert»-ը, CREO Project Solutions կազմակերպության կողմից կիրականացնի շուկայի ուսումնասիրություն։

Մրցույթում երրորդ հորիզոնականն զբաղեցրած «AIP Tech» ընկերությունը կրկին CREO Project Solutions-ի աջակցությամբ կիրականացնի բիզնես խորհրդատվություն (կամ բիզնեսի զարգացման վերաբերյալ թրեյնինգ):

Հաղթող մասնակիցները հնարավորություն կստանան նաև համաձայնագրեր կնքելու նախագծի արտասահմանյան և տեղական գործընկերների հետ` առաջիկայում նրանց հետ համատեղ աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Նշենք, որ մրցույթը կազմակերպել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Թբիլիսիի պետական համալսարանը՝ «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի շրջանակներում։

Նախագծի նպատակն է գիտական հետազոտությունների առևտրայնացումը և ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթի խթանումը Հայաստանում և Վրաստանում` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա:

Նախագիծը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադի միջազգային ֆոնդի դրամաշնորհների միջոցով: Ֆոնդի առաքելությունը Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարների առաջխաղացումն է: