ՀՊՏՀ-ականներն անվճար հասանելիություն կունենան Cbonds-ի տվյալների շտեմարանին․ հուշագրի ստորագրում և համագործակցության մեկնարկ

17.03.2023
Դիտումների քանակ՝ 1395

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատակիցներն ու ուսանողները այսուհետ անվճար հասանելիություն կունենան Cbonds-ի ֆինանսական շուկաների վերաբերյալ տվյալների շտեմարանին, որի հարուստ բազան օգտակար կլինի հետազոտական աշխատանքների, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի կատարման համար։

Այս հնարավորությունն ամրագրվեց այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կայացած համագործակցության հուշագրի ստորագրմամբ։ Փաստաթուղթը ստորագրեցին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և Cbonds ընկերությունների խմբի հիմնադիր Սերգեյ Լյալինը։ Միջոցառմանը մասնակցում էր ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը։

Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ ՀՊՏՀ ռեկտորն ընդգծեց, որ ՀՊՏՀ-ն միակ պետական տնտեսագիտական բուհն է և կադրեր է պատրաստում տնտեսագիտության ոլորտի բոլոր մասնագիտություններով, ուստի այսպիսի շտեմարաններին հասանելիությունն օգտակար կլինի բուհի աշխատակիցների և ուսանողների համար։

Սերգեյ Լյալինը, իր հերթին անդրադառնալով փոխգործակցությանն ու դրա կարևորությանը, հավելեց, որ ընկերության հայաստանյան գրասենյակներում աշխատում են ՀՊՏՀ ուսանողներ, և իրենք ուրախ կլինեն, եթե նրանց թիվն օրեցօր ավելանա։

Հավելենք, որ հուշագրով նախատեսվում է նաև փորձառությունների կազմակերպում, տարբեր նախաձեռնություններ գիտահետազոտական ոլորտում։