ՀՊՏՀ-ում մեկնարկել են քաղպաշտպանության իրազեկման միջոցառումներ
Առաջին կուրսի ուսանողների մասնակցությամբ երեկ համալսարանում մեկնարկեցին «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում ուսանողության տարհանման կազմակերպման, պատսպարման և անվտանգության ապահովման թեմայով միջոցառումները։
ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ, ԱԻ և ՔՊ գործառույթների պատասխանատու Սիրանուշ Հարությունյանի կազմակերպած միջոցառման շրջանակներում ուսանողներին ներկայացվեց, թե ինչ գործողություններ է անհրաժեշտ ձեռնարկել հակառակորդի հանկարծակի հարձակման կամ դրա սպառնալիքի դեպքում, ապա «Ուսանողների և անձնակազմի տարհանումը և պատսպարումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով զրույցին հաջորդեց հատուկ տակտիկական ուսումնավարժանքը, որի միջոցով ստուգվեց ազդանշանի դեպքում ուսանողների պաշտպանության կազմակերպման պատրաստվածությունը փրկարարական, տարհանման, հետախուզական, հրդեհաշիջման և առաջին բուժօգնություն ցուցաբերելու գործողությունների ժամանակ։ Նշենք, որ նախապես ուսումնասիրվել էին համալսարանի բոլոր նկուղային հարկերը, բուհի համապատասխան ստորաբաժանմանը ներկայացվել թերությունները և վերացման ուղիները։
Ամփոփելով ուսումնավարժանքի արդյունքները՝ Սիրանուշ Հարությունյանն ուսանողներին շնորհակալություն հայտնեց ակտիվ ներգրավվածության համար՝ նշելով, որ իրազեկման միջոցառումները զարգացնում են արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ գործելու հմտությունները, ամրապնդում գիտելիքները։
Այսօրվա միջոցառմանը մասնակցություն ցուցաբերեց համալսարանի ֆինանսական և մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի շուրջ 100 ուսանող։
Ուսումնավարժանքը կշարունակվի 2 շաբաթ՝ ներգրավելով նաև այլ ֆակուլտետների ուսանողների։