2023 թ. տնտեսագիտության Նոբելյան դափնեկիր է դարձել Կլաուդիա Գոլդինը
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հրապարակել է տնտեսագիտության բնագավառի 2023 թվականի դափնեկրի անունը․ Շվեդիայի պետական բանկը Ալֆրեդ Նոբելի հիշատակի մրցանակը շնորհել է Կլաուդիա Գոլդինին՝ «աշխատաշուկայում կանանց դերի ըմբռնումը բարելավելու համար»։
«Աշխատաշուկայում կանանց դերի ըմբռնումը կարևոր է հասարակության համար: Կլաուդիա Գոլդինի նորաստեղծական հետազոտության շնորհիվ մենք այժմ շատ ավելին գիտենք հիմնարար գործոնների և այն մասին, թե ինչ խոչընդոտներ է հնարավոր հաղթահարել ապագայում»,- ասել է Նոբելյան կոմիտեի տնտեսագիտության բնագավառի մրցանակի նախագահ Յակոբ Սվենսոնը:
Կլաուդիա Գոլդինը ծնվել է 1946 թվականին՝ Նյու Յորքում, փիլիսոփայական գիտությունների դոկտոր է, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր (ԱՄՆ)։
Նոբելյան կոմիտեի մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ Գոլդինը բացահայտել է աշխատաշուկայում գենդերային անհավասարության առանցքային պատճառները։ Նա ներկայացրել է 200 տարվա ընթացքում կանանց եկամտի և աշխատաշուկայում նրանց ներգրավվածության առաջին համապարփակ զեկույցը: Նրա հետազոտություններում բացահայտվում են եկամուտների գենդերային տարբերությունները: