ՀՊՏՀ-ում կստեղծվեն պայմաններ՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին կրթական գործընթացում լիարժեք ներգրավելու համար

24.09.2021
Դիտումների քանակ՝ 1346

Սեպտեմբերի 23-ին ՀՊՏՀ-ում համալսարանի վարչական տարբեր ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ հաշմանդամություն ունեցող ուսանողների՝ համալսարանական կյանքին ինտեգրվելու ընթացքում առաջացող խնդիրների հաղթահարման ուղիները վերհանելու, կարիքները գնահատելու նպատակով։ Նման քննարկումներ ծավալելու անհրաժեշտության մասին հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունն ու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը համաձայնության էին եկել դեռևս սեպտեմբերի սկզբին՝  փոխըմբռնման հուշագրի  վավերացումից հետո։ Նոր սկզբնավորված համագործակցության նպատակը ՀՊՏՀ-ի և «Հույսի կամուրջի» միջև արդյունավետ համագործակցության ծավալումն է՝ հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների՝ կրթական գործընթացում լիարժեք ներառման և նրանց համար հասանելիություն և որակ ապահովելու նպատակով։

Սեմինար-քննարկմանը մասնակցում էր նաև «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը, ով իր խոսքում ողջունեց Տնտեսագիտական համալսարանի նախաձեռնողականությունը՝ միտված բուհում ներառականությունը որպես առաջնահերթություն սահմանելուն։ Ներառական կրթության տարրը բուհական համակարգ մտցնելու նախադեպ մինչ այժմ չի եղել և այս առումով, ըստ Սուսաննա Թադևոսյանի, Տնտեսագիտական համալսարանն առաջիններից մեկն է։

«Համագործակցության այս փուլում «Հույսի կամուրջի» հետ համատեղ իրականացվելու է կարիքների վերհանում»,- asue.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնի պետ Աղավնի Հակոբյանը։ Նրա խոսքով՝ նմանատիպ հանդիպումներ առաջիկայում նախատեսվում են նաև ուսանողական խորհրդի հետ։

«Խնդիրն առավել արդիական է դարձել 44-օրյա պատերազմից հետո։ Համալսարանում բազմաթիվ ուսանողներ ունենք, ովքեր այդ աղետի հետևանքով հաշմանդամություն են ձեռք բերել, և մեր խնդիրն է՝ հասկանալ, թե ինչպես կարող ենք ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ և օգնել այդ երիտասարդներին լիովին ինտեգրվել ուսանողական կյանքին»,- նշեց Աղավնի Հակոբյանը։

Ծրագիրը, նրա բնորոշմամբ, բավականին հավակնոտ է. առաջիկայում կողմերը պատրաստվում են դիմել նաև եվրոպական գործընկերների աջակցությանը, համատեղ դրամաշնորհային ծրագրեր ներկայացնել։

Մոտ ապագայում կյանքի կկոչվի բուհում աջակցության կենտրոնի ստեղծման գաղափարը, և շարունակական կրթության բաժինը որոշակի ներգրավվածություն կունենա՝ կազմակերպելով դասընթացներ, որոնք առավելապես կհամապատասխանեն հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների ակնկալիքներին ու ցանկություններին՝ օգնելով նրանց կապեր հաստատել գործատուների հետ, արագ ինտեգրվել աշխատաշուկայում:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին