ՀՊՏՀ պրոֆեսորը՝ Վիեննայում կայացած գիտաժողովի և ՀՄԴ տարեկան ժողովի մասնակից

20.11.2023
Դիտումների քանակ՝ 1000

2023 թ․ նոյեմբերի 14-ից 16-ը Համաշխարհային բանկի ֆինանսական հաշվետվողականության բարեփոխումների կենտրոնը Վիեննայում (Ավստրիա) կազմակերպել էր եռօրյա գիտաժողով, որին մասնակցել է նաև ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տ․գ․դ․, պրոֆեսոր Հայկ Մնացականյանը։

Գիտաժողովին հյուրընկալվել էին հաշվապահական հաշվառման հանրային և մասնավոր հատվածի, մասնագիտական և ակադեմիական համայնքների բարձր մակարդակի ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ՝ ԵՄ և միջազգային այլ հաստատություններից։

Գիտաժողովին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նաև Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի, ՀՀ ֆինանսների նախարարության, Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի պատվիրակությունները։ Գիտաժողովը ուղղված էր Արևմտյան բալկանների և ԵՄ Արևելյան գործընկերության երկրներին՝ աջակցելու պետական հատվածի հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների շրջանակների զարգացմանը:

Գիտաժողովի ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր ինչպիսիք են`

  1. Ֆինանսների կառավարման ինֆորմացիոն միջազգային համակարգի իրականացումը՝ բյուջեի, ֆինանսական հաշվետվությունների և հարկաբյուջետային վիճակագրության միջև ինտեգրումը։
  2. Տարբեր հաշվետվական հիմունքներով պատրաստված ֆինանսական հաշվետվությունների համախմբումը՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների և պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների:
  3. Կայունության հաշվետվությունների ներկայացումը, դրանց կապը ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործնական ասպեկտների և ուսուցման հետ:

Նույն ժամանակաշրջանում Հայկ Մնացականյանը մասնակցել է նաև Հաշվապահների միջազգային դաշնության տարեկան ժողովին։

Անդրադառնալով Վիեննա կատարած իր այցին՝ պրոֆեսորն ընդգծում է, որ միջազգային գիտաժողովին և փորձագետների հետ հանդիպումների ընթացքում ձեռք բերված գիտելիքները և փորձը օգտակար են ՀՊՏՀ ռազմավարության իրականացման, առաջադիմական գիտելիքի արդյունավետ ներդրման ու կիրառման գործում։