Տնտեսագիտական հրատապ թեմաները՝ նորաստեղծ ակումբի ուշադրության կենտրոնում

Դիտումների քանակ՝ 1520

Համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկած նոր ձևաչափի միջոցառման շրջանակում Հայաստանի տնտեսության վերաբերյալ հրատապ թեմաների շուրջ այսուհետ պարբերաբար կլինեն բաց քննարկումներ, որտեղ վերլուծություններ կներկայացնեն ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև տարբեր ոլորտներից հրավիրված փորձագետներ: Ըստ էության, այսպիսով ստեղծվում է «Տնտեսագիտական բանավեճ» («Economic debates») մասնագիտական քննարկումների ակումբը:

Այսօր առաջին հանդիպումն էր, խնդրո առարկան՝ «ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների հնարավոր սոցիալ-տնտեսական հետևանքները»: Խոսնակներն էին մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը, կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի ասիստենտ Արթուր Եզիազարյանը, «Մոդեքս» ընկերության հիմնադիր տնօրեն, ՀՊՏՀ ասպիրանտ Հայկազ Ֆանյանը և «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ հարկային բաժնի մենեջեր Կարեն Սարգսյանը, ներկա էին թեմայով հետաքրքրված ուսանողները: Ոլորտի գիտակները նախ հիմնավորեցին սպասվող փոփոխությունները, Արմեն Գրիգորյանը նկատեց, որ ներկայում դրանք պայմանավորվում են ոչ թե զուտ տնտեսական, այլև քաղաքական գործոններով: Քննարկման կիզակետում ծխախոտի և քաղցր գազավորված ըմպելիքների հնարավոր թանկացումներն էին, հնչեցին տեսակետներ, կողմ և դեմ կարծիքները հիմնավորվեցին համապատասխան փաստարկներով:

Ի՞նչ ազդեցություն կգործեն հնարավոր փոփոխությունները խոշոր բիզնեսի, ՓՄՁ ոլորտի և սպառողների վարքագծի վրա, կարդարացվի՞ արդյոք թանկացումների հիմքում դրվող առողջապահական նպատակը. այս հարցերի պատասխանները և ոչ միայն, հնչեցին այսօրվա բանավեճում:

Քննարկումները շարունակական են, արդիական թեմաները՝ ակումբի հիմնադիրների տեսադաշտում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին