«Էրազմուս+». ՀՊՏՀ-ն երկրորդ անգամ դառնում է միջազգային վերապատրաստման ակադեմիական հարթակ

Դիտումների քանակ՝ 1991

ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում, ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում, այսօր մեկնարկեց «Վերապատրաստման շաբաթ» միջոցառումը՝ գործընկեր բուհերի վարչական աշխատակիցների և դասախոսների մասնակցությամբ: Այն անցկացվելու է ապրիլի 9-12-ը` ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար: Դասախոսությունների օրակարգը՝ այստեղ:
Նշված ծրագրով նման միջոցառում Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ, և կրկին նախաձեռնողը մեր համալսարանն է, որի արտաքին կապերի բաժինը ակտիվորեն համագործակցում է արտերկրի գործընկեր բուհերի հետ և կապող օղակ հանդիսանում:
Բացմանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Պարույր Ջանգուլյանը, ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, անձնակազմի կառավարման բաժնի պետ Գոհար Սարգսյանը, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, աշխատակիցներ, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի համակարգող Լանա Կառլովան, ծրագրի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանը:
Միջոցառման սկիզբն ազդարարեց Վարդ Ղուկասյանը: Շնորհակալություն հայտնելով բուհի ղեկավարությանը՝ միջոցառմանն աջակցելու և գործընկերներին՝ մասնակցության համար՝ նա խոսքը տրամադրեց Ռուբեն Հայրապետյանին:
Ողջունելով «Էրազմուս+»ի հյուրերին և մասնակիցներներին՝ համալսարանի ղեկավարը նշեց, որ Հայաստանը նրանց դիմավորում է արևաշող, և առաջիկա օրերի կանխատեսումն էլ խոստանում է լավ եղանակ և բարձր տրամադրություն: Նա շնորհակալություն հայտնեց «Էրազմուս+» ծրագրին՝ կարևորելով համագործակցությունը մեր համալսարանի հետ, ուսանողների և անձնակազմի մասնակցությունը շարժունության ծրագրերին, ապա համառոտ անդրադաձավ բուհի հիմնադրման ու կայացման փուլերին, տնտեսության զարգացման գործում, որպես ֆինանսների և տնտեսագիտության գծով մասնագետներ պատրաստող կրթօջախի, նրա կարևոր դերակատարությանը:
«Եթե մենք ցանկանում ենք զարգանալ, ապա պետք է մասնակցենք նման ծրագրերին և փորձ փոխանակենք այլ համալսարանների հետ»,–ասաց Ռուբեն Հայրապետյանը՝ նշելով, որ ՀՊՏՀ աշխատակազմը և ղեկավարությունը մեծ աջակցություն է ցուցաբերել շաբաթի կազմակերպմանը, իսկ մասնակիցներն ընթացքում էլ կարող են ազատորեն դիմել, հանդիպել իրեն, վարչական անձնակազմից ցանկացած ներկայացուցչի և աջակցություն ստանալ:
Լանա Կառլովան ևս ողջունեց մասնակիցների առաջին այցը Հայաստան, Տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցության հնարավորությունը՝ հույս հայտնելով, որ աշխատանքային շաբաթը մասնակից 8 համալսարանների միջև արդյունավետորեն կընթանա, և հյուրերը Տնտեսագիտականում հնարավորություն կունենան տեսնելու վարչական, դասախոսական անձնակազմերի և ուսանողության այլ մշակույթ, այլ ուսումնական միջավայր: Լանա Կառլովան անդրադարձավ 1995 թվականից Հայաստանում կրթության արդիականացման և միջազգայնացման ընթացքին, ապա նշեց, որ այս միջոցառումն էլ ակադեմիական մի հարթակ է, որը ապահովում է համագործացության լայն շրջանակ և վստահ է՝ փորձի ու գիտելիքի փոխանակումը կհաջողվի:
Մինչ աշխատանքային մասին անցնելը, մասնակիցները լուսանկարվեցին բուհի խորհրդանշական քարի մոտ:
Հաջորդիվ, «Էրազմուս+» ծրագրի հայաստանյան գրասենյակի գործունեության վերաբերյալ հաշվետվություն ներկայացրեց Էդիթ Սողոմոնյանը: Նա վերլուծեց 2014 թվականից ի վեր միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի արդյունքները, ներկայացրեց մեր երկրին վերաբերող ցուցանիշներ (Հայաստանի հետ գործակցող համալսարանների, շահառուների՝ դասախոս, ուսանող, աշխատակից, հետազոտող, թիվ և այլն):
Միջոցառումը մշակութային տեղեկատվությամբ շարունակեց լեզուների ամբիոնի դասախոս Քրիստինա Թորգոմյանը` խոսելով Հայաստանի պատմական, մշակութային արժեքների ու տեսարժան վայրերի մասին:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Լանա Կառլովան ասաց, որ «Էրազմուս+» ծրագրում ներգրավված բուհերն են իրենց համագործակցության բազմազանեցման ու ընդլայնման պատասխանատուն, և այս առումով ՀՊՏՀ-ն հայաստանյան եզակի կրթօջախներից է, որ ակտիվորեն ջանում է ինտեգրվել միջազգային կրթական շուկային:
«Անշուշտ, այս նախաձեռնությունը ցանկալի է և' ուսանողության, և' պրոֆեսորադասախոսական կազմի ու աշխատակիցների համար, և նրանք պետք է ձգտեն հնարավորինս հաղորդակցվել նոր ակադեմիական մշակույթին, որը կներկայացնեն մեր արտերկրի գործընկերները»,-ամփոփեց Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ղեկավարը:
Առաջին աշխատանքային օրը շարունակվում է:

Ընթացիկ միջոցառումների շարքում Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի (Լեհաստան) ներկայացուցիչ Իռենուշ Մռոզեկը հյուընկալվել է ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում և կիբեռանվտանգության վերաբերյալ դասախոսություն ներկայացրել, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրել իր համալսարանի ուսումնական գործընթացի մասին. մեզ հայտնեց դեկան Սոս Խաչիկյանը: Լեհաստանցի դասախոսին ուղեկցել է նշված բուհում «Էրազմուս +» ծրագրով մեկ կիսամյակ ուսանած Դավիթ Մինասյանը (մաթեմաթիկական մոդելները և մեթոդները տնտեսագիտության մեջ մասնագիտության 4-րդ կուրս):

Մաղթում ենք արդյունավետ ընթացք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին