Խրախուսելով կամավորական աշխատանքը․ ՀՊՏՀ ռեկտորը պարգևատրել է կամավոր ուսանողներին

24.11.2021
Դիտումների քանակ՝ 1091

Հոկտեմբերի 8-ին ՀՊՏՀ-ում կազմակերպված Աշխատանքի տոնավաճառին մի քանի տասնյակ ուսանողներ ակտիվորեն ներգրավվեցին կամավորական աշխատանքներում։ Ցուցաբերելով բարձր պատասխանատվություն իրենց վստահված գործում՝ կամավորներն ամեն ջանք ներդրեցին, որ ամենամյա տոնավաճառն անցնի բարձր մակարդակով։

Կամավոր ուսանողների կատարած աշխատանքը չվրիպեց նաև ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի ուշադրությունից։ Իր երախտագիտությունը հայտնելով վերջիններիս՝ ռեկտորն անձամբ այսօր՝ նոյեմբերի 24-ին, կամավորության հավաստագրերով պարգևատրեց ուսանողներին՝ նշելով, որ հպարտ է յուրաքանչյուրով, ով իր մարդասիրական ու մասնագիտական ջանքն է ներդրել միջոցառման կազմակերպման գործում և ցուցաբերել բարձր պատասխանատվություն իրեն վստահված աշխատանքում։

«Կամավորությունն աշխատանքի ընդունվելու կարևորագույն նախադրյալներից է, և ուսանողական տարիներին առաջին փորձառությունը կարող եք ձեռք բերել հենց կամավորական աշխատանքի շրջանակներում։ Վստահ եմ, որ դա ձեզ մեծ փորձ ու հմտություն կփոխանցի, ինչն էլ հետագայում կօգնի տարբեր կազմակերպություններում աշխատելիս»,-ասաց ՀՊՏՀ ռեկտորը՝ շեշտելով կամավորների աշխատանքի բարձր որակ, ինչը չի վրիպել նաև տոնավաճառին մասնակցած գործատու կազմակերպությունների ներկայացուցիչների աչքից։

«Այն աշխատանքը, որ դուք եք կատարում, մշտապես արդիական ու պահանջված է, և հուսով եմ, որ ՀՊՏՀ-ի կողմից տրված այս վկայականը հետագայում կօգնի ձեզ՝ թե´ աշխատանքի ընդունվելիս, թե´ այլ գործունեություն ծավալելիս»,-նշեց Դիանա Գալոյանը։

Այսպիսով, հանրօգուտ և շնորհակալ գործի համար կամավորության հավաստագիր ստացան ՀՊՏՀ տարբեր ֆակուլտետներ և կուրսեր ներկայացնող շուրջ 5 տասնյակ ուսանողներ: Վերջիններս առիթն օգտագործեցին և շտապեցին լուսանկարվել սիրելի ռեկտորի հետ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին ՀՊՏՀ-ում կայացավ Աշխատանքի տոնավաճառ, որտեղ 50-ից ավելի գործատուներ ներկայացրին իրենց թափուր հաստիքները։ Աշխատաշուկայի կազմակերպման կամավորական աշխատանքները վստահվել էին բուհի ուսանողներին։