ՀՊՏՀ-ում ամփոփվեց «Ֆինանսական կառավարում» թեմայով դասընթացը

25.11.2021
Դիտումների քանակ՝ 1398

Նոյեմբերի 24-ին ավարտվել է ՀՊՏՀ կազմակերպած հերթական կարճաժամկետ դասընթացը՝ «Ֆինանսական կառավարում» խորագրով, դասընթացի մասնակիցները ստացել են վկայականներ։

ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնի տեղեկացմամբ, 20 ժամ տևողությամբ այս դասընթացը մեկնարկել էր նոյեմբերի 3-ին՝ ֆինանսների կառավարմամբ հետաքրքրված մասնագետներին հնարավորություն տալով վերապատրաստվելու և մասնագիտական նոր գիտելիք ու հմտություն ձեռք բերելու։

Դասընթացը վարել են ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի կորպորատիվ ֆինանսների և ֆինանսական կառավարման ոլորտներում մասնագիտացած դասախոսներ՝ տ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Մաթևոսյանը, տ․գ․թ, դոցենտ Մարե Խաչատրյանը, տ․գ․թ․ Լիլիթ Հովականյանը և տ․գ․թ․ Սրբուհի Իսրայելյանը։

Ամփոփիչ փուլում կատարվել է նաև արդյունավետության գնահատման անանուն հարցում, որի արդյունքները հավաստել են, որ մասնակիցները գոհ են տեսական և գործնական նյութերով, առաջադրանքներով հագեցած դասընթացից: Մասնակիցները հատկապես ընդգծել են դասավանդողների բարձր մասնագիտական որակները, մատուցման մատչելիությունը, ընդգրկուն ու խորքային թեմաները։