«Էրազմուս+». ՀՊՏՀ աշխատակիցը վառ տպավորություններով վերադարձել է Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանից

Դիտումների քանակ՝ 1535

ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Աննա Փախլյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում 2019 թվականի ապրիլի 8-12-ը մասնակցել է Լեհաստանի Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի (ԲՏՀ) նախաձեռնած Վերապատրաստումների միջազգային շաբաթին՝ հանդես գալով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ներկայացնող զեկույցով և «Միջազգային բեռնափոխադրումներ և լոգիստիկա» թեմայով դասախոսություններով: ԲՏՀ Ճարտարագիտության կառավարման ֆակուլտետում դասախոսությունների ընթացքում քննարկվել են միջազգային բեռնափոխադրումների և լոգիստիկ գործընթացների արդյունավետ կառավարման հետ կապված խնդիրներն աշխարհի տարբեր երկրներում և ՄԱԿ կողմից տնտեսապես խոցելի ճանաչված երկրների խմբերում, ներկայացվել է Հայաստանի և Լեհաստանի լոգիստիկ արդյունավետության համաթվերի համեմատական վերլուծություն՝ մատնանշելով լոգիստիկ համակարգերի բարելավման հիմնական թիրախները երկու երկրներում, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել տեղացի ուսանողների և դասախոսների շրջանում:
Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Աննա Փախլյանը՝ մանրամասնելով և ամփոփելով այցի արդյունքները: Նրա խոսքով՝ Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանը նախաձեռնել էր դասախոսական և վարչական անձնակազմի փոխանակման լայնամասշտաբ միջոցառում՝ ԵՄ անդամ չհանդիսացող աշխարհի 28 երկրների 58 ներկայացուցչի մասնակցությամբ: Աննա Փախլյանը ՀՊՏՀ-ն և Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող միակ մասնակիցն էր:
Լեհաստանի ամենախոշոր տեխնոլոգիական համալսարան իր այցելության տպավորությունների մասին Աննա Փախլյանը նշեց. «Հատկապես տպավորված եմ Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի և առավելապես գրադարանի տեխնիկական և ծրագրային ապահովվածության մակարդակով: Նախ համալսարանի հսկայական տարածքում տեղաշարժվելու համար մեզ տրվեց էլեկտրոնային քարտեզ, որը հատուկ հավելվածի միջոցով ներբեռնելով՝ հնարավոր էր հեշտությամբ գտնել անհրաժեշտ մասնաշենքը և լսարանը: Համալսարանի մասնաշենքերում ստեղծված էին բոլոր անհրաժեշտ պայմանները հատուկ կարիք ունեցող անձանց համար: Գրադարանում գործում էր գրքերի որոնման էլեկտրոնային մատչելի համակարգ., և ուսանողը հատուկ սարքի միջոցով կարող էր ճշտել իրեն հետաքրքրող գրքի գտնվելու կոնկրետ վայրը գրադարանի հարյուրավոր դարակաշարերի մեջ»:
Աննա Փախլյանի հավաստմամբ, այցելության շրջանակներում ստեղծվել են հետագա համագործակցության հիմքեր, ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ ինչպես Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի, այնպես էլ միջոցառմանը մասնակցող այլ երկրների բուհերի ներկայացուցիչների հետ: Միջոցառման ավարտին մասնակիցներին հանձնվել են դասավանդման և վերապատրաստման վերաբերյալ համապատասխան վկայագրեր:
ԲՏՀ Ճարտարագիտության համալսարանում հանդիպումների և դասախոսությունների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք գտնել նաև հետևյալ հղմամբ:
Հիշեցնենք, որ «Էրազմուս+» ծրագիրը ՀՊՏՀ-ում համակարգում է արտաքին կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին