Էրազմուսյան այց ՀՊՏՀ․ հյուր էր Քրիստիան Չեքը

22.06.2023
Դիտումների քանակ՝ 1441

Հունիսի 15-21-ը ՀՊՏՀ-ում էր Վիեննայի կիրառական գիտությունների համալսարանի (Ավստրիա) պրոֆեսոր, «Քանակական ակտիվների և ռիսկերի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի փոխտնօրեն Քրիստիան Չեքը։ Այցն «Էրազմուս+» ծրագրի շրջանակում էր։

«Պարտատոմսեր և տոկոսադրույքի ռիսկ» թեմայով պրոֆեսորը դասախոսել է ՀՊՏՀ հայ և օտարերկրյա ուսանողների համար։

Այցի շրջանակում Քրիստիան Չեքը հանդիպումներ է ունեցել ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանի, միջազգային կապերի բաժնի աշխատակիցների հետ, ծանոթացել բուհին, այցելել «Ամբերդ» հետազոտական կենտրոն։ Պրոֆեսորը հանդիպել է նաև ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչ Լևոն Բարխուդարյանին, ով ս․թ․ մարտի 20-24-ը դասախոսություններով հանդես է եկել վերոհիշյալ համալսարանում։

Այցի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ փոխադարձ դասախոսությունների, համատեղ հետազոտությունների անցկացման, «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարժունությունն ակտիվացնելու ուղղությամբ։

Քրիստիան Չեքի հետ քննարկվել է նաև համատեղ նոր գիտական, կրթական ծրագրերի մշակման ու ներդրման, մասնավորապես՝ մագիստրոսական նոր համատեղ ծրագիր մշակելու հարցը։