Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի 62-րդ համարը

23.06.2023 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1524

Պատրաստ է և այսօրվանից ՀՊՏՀ պաշտոնական կայքում հասանելի է «Ամբերդ» մատենաշարի հերթական՝ 62-րդ  հետազոտությունը՝ «Գյուղատնտեսության ոլորտում 2010-2021 թթ. պետական օժանդակության ծրագրերի արդյունավետության գնահատում»։

Այն հեղինակել են Գայանե Ավագյանը (հետազոտական խմբի ղեկավար), Սամվել Ավետիսյանը, Խորեն Մխիթարյանը, Քնարիկ Վարդանյանը, Գարիկ Պետրոսյանը, Աիդա Միրումյանը, Սուրեն Կարապետյանը, Սաթենիկ Գևորգյանը (հետազոտական խմբի անդամներ):

Հետազոտությունը նվիրված է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի դինամիկ զարգացումը խոչընդոտող էական գործոնների բացահայտմանը, ոլորտի պետական աջակցության ծրագրերի արդյունավետության գնահատմանը, ոլորտի զարգացման առաջնահերթությունների մատնանշմանը։ Թիրախային են համարվել ինչպես գյուղատնտեսության ոլորտը, այնպես էլ դրա պետական աջակցությունը և պետական քաղաքականությունը գնահատող ամենատարբեր ցուցանիշներ:

Հետազոտության շրջանակում հատկորոշվել են ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության և արտահանման ծավալների վրա ազդեցություն ունեցող առանձին գործոններ, տնտեսաչափական մեթոդների կիրառմամբ գնահատվել են այդ գործոնների ազդեցության չափն ու նշանակալիությունը։ Պետական աջակցության միջոցների և արդյունքային ցուցանիշների համադրումը հնարավորություն է ընձեռել բացահայտելու ծախսված միջոցների արդյունավետությունն ու աջակցության ծրագրերի նպատակահարմարությունը։ Իրականացվել է նաև ոլորտի օժանդակության ծրագրերի անուղղակի գնահատում՝ ծրագրային նպատակադրումներից շեղումների բացահայտման և շահառուների շրջանում կատարված հարցումների ճանապարհով։ Վերլուծությունների և գնահատումների հիման վրա ներկայացվել են պետական աջակցության ծրագրերի արդյունավետության մակարդակի բարձրացմանն ուղղված առաջարկություններ։