ՀՊՏՀ դոցենտը մարդկային ռեսուրսների կառավարման թեմայով դասախոսել է Պոզնանի տնտեսագիտական համալսարանում

Դիտումների քանակ՝ 2216

ԵՄ «Էրազմուս+» ծրագրին մասնակցությամբ ՀՊՏՀ-ն շարունակաբար ամրապնդում է եվրոպական բուհերի հետ կապերը: Ծրագրի բաղադրիչներից մեկը անձնակազմի շարժունությունն է, որի շրջանակում ՀՊՏՀ-ն դասախոսներ և աշխատակիցներ է գործուղում գործընկեր բուհեր, ինչպես նաև հյուրընկալում:

Հունիսի 3-7-ը Պոզնանի տնտեսագիտական համալսարանում (Լեհաստան) է գտնվել ՀՊՏՀ աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Մարիա Սահակյանը և դասախոսել ինովացիոն կառավարում մասնագիտության միջազգային մագիստրոսական խմբում: Նա անդրադարձել է մարդկային ռեսուրսների կառավարմանը (ՄՌԿ), մասնավորապես ներկայացրել է «Կարիերայի կառավարում», «Անձնակազմի ուսուցում և զարգացում», «Վարձատրության և պարգևատրման տեսական հիմքերը և առանձնահատկությունները ՀՀ-ում», «Կառավարչական որոշումների ընդունումը» թեմաները:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Մարիա Սահակյանն ասաց, որ դասախոսություններից հետո հանդիպել է Պոզնանի տնտեսագիտական համալսարանի միջազգային կապերի բաժնի աշխատակիցների հետ, քննարկել համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր: ՀՊՏՀ-ի հետ գործակցելու պատրաստակամություն է հայտնել դասախոս Մացեյ Բռզոզովսկին, նա ցանկություն է հայտնել եկող ուսումնական տարում Հայաստան ժամանելու, ինչպես նաև Մարիա Սահակյանի հետ ՄՌԿ հիմնախնդիրների շուրջ գիտական հոդված գրելու:

Մեր պատվիրակը այցելել է նաև Լեհաստանի հնագույն մշակութային վայրեր:

Հիշեցնենք՝ ՀՊՏՀ-ում «Էրազմուս+» ծրագիրը համակարգում է արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը: Ծրագրի մասին ավելին՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին