Կին գործարարի հաջողության պատմությունը՝ ոգևորիչ դաս ուսանողի համար

Դիտումների քանակ՝ 2238

ՀՊՏՀ դասախոսների հրավերով ամեն կիսամյակ մեր համալսարան են այցելում հաջողակ գործարարներ՝ իրենց փորձը ուսանողներին ներկայացնելու, բիզնեսի կառավարման վերաբերյալ ոչ դասագրքային գիտելիք հաղորդելու, պրպտելու և բիզնես գաղափարները կյանքի կոչելու ցանկությամբ երիտասարդներին խանդավառելու նպատակով: Ֆինանսների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Աննա Վարդանյանի նախաձեռնությամբ կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսում այսօր «Կառավարման հոգեբանություն» առարկայի դասին իր հաջողակ պատմությամբ հանդես եկավ «Բլիզզարդ» ընկերության հիմնադիր-տնօրեն, ՀՊՏՀ շրջանավարտ Արմենուհի Խաչատրյանը:

«Կառավարման հոգեբանություն»-ն ուսումնասիրում է անձնակազմի կառավարման առանձնահատկությունները, առաջնորդի հոգեբանությունը, արդյունավետ կառավարման հիմունքները, և հենց այս հարցերն էլ միահյուսված էին Արմենուհի Խաչատրյանի խոսքում: Փոքր դրամական միջոցներով նրա հիմնադրված ընկերությունը քայլ առ քայլ դարձել է հայաստանյան շուկայում քեյթերինգ ծառայության առաջատարը: Եվ այս ընկերության հետևում, ինչպես և ցանկացած կայացած կազմակերպության դեպքում, հսկայական աշխատանք է, որ կատարվում է գրագետ և նվիրումով, սեփական ներուժին հավատալով: Կին գործարարն ընդգծեց, որ մի քանի տարի առաջվա համեմատ այսօր առավել հեշտ է բիզնես գաղափարներ իրագործել և ուսանողներին հորդորեց օգտվել 21-րդ դարի տեխնոլոգիական առավելություններից: Նա կոչ արեց նաև հաշվի չնստել կնոջ ներուժը և կառավարչական հմտությունները թերագնահատող կարծրատիպերի հետ:

Դիտարկվող հարցերի շուրջ տեսակետներ հայտնեց դասախոս Աննա Վարդանյանը: Մեզ հետ զրույցում նա հույս հայտնեց, որ բաց դասը կծառայի իր նպատակին՝ կբարձրացնի ուսանողների մոտիվացիան, կբարելավի նրանց գործնական հմտությունները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին