ՀՊՏՀ առաջավոր սաները պատրաստվում են կրթական 2-րդ աստիճանը ևս ստանալ հարազատ բուհում. ամփոփիչ ատեստավորումը շարունակվում է

Դիտումների քանակ՝ 2592

Ամփոփիչ ատեստավորման գործընթացը ՀՊՏՀ-ում շարունակվում է: Դիտակետում պահելով այս փուլում համալսարանական ամենակարևոր իրադարձությունը՝ ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տարբեր օրերի շրջայց է կատարել ֆակուլտետներով, ներկա գտնվել ավարտական աշխատանքների պաշտպանություններին, զրուցել շրջանավարտների հետ:

Այսօր ներկա գտնվեցինք նաև բնօգտագործման տնտեսագիտություն, մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում, աշխատանքի տնտեսագիտություն, բիզնեսի կազմակերպում մասնագիտությունների առկա բակալավրիատի 4-րդ կուրսերի պաշտպանություններին:

Մի չգրված օրենքով սովորաբար առաջինն ավարտական աշխատանք են պաշտպանում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողուհիները: Այս օրն էլ բացառություն չէր, և մենք ունկնդրեցինք փայլուն ելույթներ:

Բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության ուսանող Ելենա Մուրադյանի աշխատանքի թեման էր «Արեգակնային էներգետիկայի՝ որպես կայուն էներգետիկ համակարգի բաղկացուցիչ տարրի դերը ՀՀ-ում», դրա մի հատվածը վերաբերում էր ՀՊՏՀ 3-րդ մասնաշենքում արեգակնային տաքացուցիչների տեղադրման հնարավորություններին: Ուսանողուհին հաշվարկել է արդյունավետությունն ու ծախսը և ինչպես նշեց՝ այն կունենա 92 % արդյունավետություն: Հանձնաժողովի առաջարկով Ելենան իր հաշվարկները կներկայացնի համալսարանի վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտին և հանդես կգա համապատասխան առաջարկություններով:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ամբիոնին, հանձնաժողովին և իմ ղեկավար Նորա Այվազյանին: Այսպիսով, ավարտեցինք, բայց ես դեռ սովորելու եմ նաև մագիստրատուրայում: Մինչ հանդիպում»,-մեզ հետ զրույցում ասաց Ելենան:

Մեր այցելության պահին մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության ավարտական կուրսից «ՀՀ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումների վերլուծությունը 2007-2017 թթ.» թեմայով աշխատանք էր պաշտպանում Նարինե Զուրաբյանը: Մեզ հետ զրույցում ուսանողուհին ասաց, որ Կարմիր դիպլոմի հավակնորդ է:

«Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել մեր ամբիոնին՝ մեզ հետ պրոֆեսիոնալ աշխատելու համար: Ավարտելու հետ կապված մեծ նպատակներ ունեմ: Նշեմ, որ 3-րդ կուրսից աշխատում եմ վարկային կազմակերպությունում և դիպլոմավորվելուց հետո հույս ունեմ մասնագիտական աշխատանքում առաջընթաց արձանագրել: Նույն մասնագիտությամբ կսովորեմ նաև մագիստրատուրայում»,-նշեց Նարինեն:

Շրջանավարտների հետ ճեպազրույցներում արձանագրեցինք, որ ՀՊՏՀ առաջավոր սաները նախատեսում են կրթությունը շարունակել հարազատ բուհի մագիստրատուրայում:

Շնորհավորում ենք շրջանավարտներին, մաղթում հաջողություն:

Լուսանկարներում՝ ակնթարթներ տարբեր մասնագիտությունների գծով այս օրերին տեղի ունեցած պաշտպանություններից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին