ՀՊՏՀ մասնակցությունը Եվրոպայի համալսարանների առաջին ձմեռային խաղերին

27.12.2023
Դիտումների քանակ՝ 979

Դեկտեմբերի 17-22-ը Իտալիայի Վալ դի Զոլդո քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի համալսարանների առաջին ձմեռային խաղերը, որին մասնակցել են եվրոպական 16 պետությունների 27 համալսարանական թիմեր: Առաջնությունը ներառում էր լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ և ձմեռային վոլեյբոլ։

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է միայն լեռնադահուկային սպորտի առաջնությանը և նվաճել բրոնզե մեդալ։ Պատվիրակության ղեկավարը՝ ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ, Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, մեզ հետ զրույցում մանրամասնեց՝ թիմի կազմում է հանդես եկել ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանող Ժիրայր Առաքելյանը։ Առաջնության ընթացքում նա կատարել է 4 փորձ՝ 2-ական ոլորավայրէջք և 2-ական հսկա ոլորավայրէջք, որոնք բոլորն էլ հաջողել է, և արդյունքում թիմի մյուս մարզիկի՝ Գլեբ Մոսեսովի գրանցած միավորների հանրագումարով մեր պատվիրակությունը գրավել է պատվավոր 3-րդ հորիզոնականը։

Հայաստանի պատվիրակությանն աջակցել է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Այսօր ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդունեց Հովհաննես Գաբրիելյանին և Ժիրայր Առաքելյանին, շնորհավորեց մարզական հաջողության առիթով՝ նշելով․ «Մեր ուսանողները մշտապես մարզական հաջողություններ են գրանցում և΄ հանրապետական, և΄ միջազգային առաջնություններում։ Ուրախալի է, որ այժմ ունենք նաև լեռնադահուկային մարզաձևում ներգրավված ուսանող-մարզիկ և ականատես ենք նրա առաջին հաջողությունը։ Բուհը պատրաստ է աջակցել իր ուսանողների առաջխաղացմանը բոլոր ոլորտներում»,- ասաց ռեկտորը՝ բարձր գնահատելով ամբիոնի վարիչի դերակատարումը։

Հովհաննես Գաբրիելյանն իր հերթին աջակցության համար շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարին՝ նշելով, որ առանց այդ աջակցության իրենք չէին կարող մեկնել և գրանցել թիմային հաղթանակ։ «Սա թիմային գավաթ է, թիմային պայքարում հաղթանակի արդյունք, որը սիրով ձեզ ենք հանձնում»,- ասաց ամբիոնի վարիչը։

Շնորհավորում ենք մեր թիմին՝ փայլուն մասնակցության և գրանցած հաջողությունների համար: