«Արդիականության գլոբալ հիմնախնդիրները». նոր հրատարակություն պրոֆեսոր Արամ Սարգսյանից

Դիտումների քանակ՝ 1690

ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ «Տնտեսագետ» հրատարակչությունում լույս է տեսել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Արամ Սարգսյանի հեղինակած «Արդիականության գլոբալ հիմնախնդիրները» ուսումնական ձեռնարկը:
Արծարծելով արդիականության հիմնախնդիրներն ու դրսևորումների առանձնահատկությունները ինչպես աշխարհում, այնպես էլ հայ իրականության մեջ՝ բնության և մարդու ապագայի նկատմամբ խորին հոգածությամբ, գիտականության ու մեծ կենսափորձի, բանականության, բարոյականության և հումանիզմի դիրքերից հեղինակը առաջադրում է հաղթահարման միջոցներ, հոգևոր-բարոյական առողջացման ուղիներ, և ինչպես նշվում է ներածական խոսքում. «Առանձնահատուկ տեղ և դեր է հատկացվում փիլիսոփայությանը՝ որպես գլոբալ հիմնախնդիրների հաղթահարման ուղենիշները ուրվագծող հոգևոր գործունեության մշակութային ձևի»:

Ուսումնական ձեռնարկի պատասխանատու խմբագիրն է ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, փ.գ.դ. Սուրեն Սարգսյանը, գրախոսներն են նույն ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, փ.գ.թ., դոցենտ Սոֆյա Օհանյանը և փ.գ.թ., դոցենտ Յուրի Հովականյանը:
Դասընթացը կարող է օգտակար լինել ուսանողներին, ասպիրանտներին, դասախոսներին, ուսուցիչներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին