Հրավիրյալ դասախոսություններ Իոան Կուզայի համալսարանում

11.06.2024
Դիտումների քանակ՝ 636

ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ավագ դասախոս, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը  «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մայիսի 27-ից 31-ը դասախոսել է Յաշիի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանում (Ռումինիա)։ Դասախոսությունները նվիրված էին տնտեսական ինտեգրմանը, տարածաշրջանային ինտեգրացիոն կազմակերպություններին, տնտեսական ինտեգրման արդյունավետությունը նախապես գնահատելու մեթոդներին: Դասախոսություններին հաջորդել են աշխույժ հարցուպատասխաններ․ տարբեր երկրներից ժամանած  ուսանողները մեր գործընկերոջը հարցեր են հղել Հայաստանի և նրա տնտեսական վիճակի մասին: Բացի ուսանողների հետ շփումից, Հայրապետյանը պրոֆեսորադասախոսական կազմի անդամների հետ արդյունավետ քննարկումներ է ունեցել՝ միտված երկու բուհերի ակադեմիական համագործակցության ընդլայնմանը:

Այցի ընթացքում Ալբերտ Հայրապետյանը ծանոթացել է Բիթոլայի (Հյուսիսային Մակեդոնիա) Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գորան Իլիկի հետ, որը ՀՊՏՀ-ի հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել։ Արդյունքում երկու բուհերի միջև արդեն կնքվել է հուշագիր: Վերջինս ներառում է մի շարք համագործակցային նախաձեռնություններ՝ անձնակազմի և ուսանողների փոխանակման, համատեղ գիտահետազոտական և անձնակազմի վերապատրաստման ծրագրեր: