ՀՊՏՀ գիտնականները Ռիգայում մասնակցել են HEIFYE ծրագրի հերթական աշխատաժողովին

25.02.2019
Դիտումների քանակ՝ 1513

ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը և մարքեթինգի ու բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, դոցենտ Թաթուլ Մկրտչյանը սույն թվականի փետրվարի 18-20-ը Ռիգայի (Լատվիա) «RISEBA» համալսարանում մասնակցել են «Բարձրագույն ուսումնական հաստատությունները երիտասարդների ձեռներեցության համար» (HEIFYE) ծրագրի հերթական աշխատաժողովին, իսկ փետրվարի 21-22-ին՝ նույն համալսարանի կողմից կազմակերպված «Մակրո և միկրո մակարդակի կազմակերպությունների մարտահրավերների և հնարավորությունների կանխատեսումը» (Foreseeing Challenges and Opportunities for Organisations at the Macro and Micro level) խորագրով «Բալթյան բիզնես կառավարում» 12-րդ տարեկան գիտաժողովին: ՀՊՏՀ գիտնականները հանդես են եկել «ՀՀ երիտասարդական աշխատուժի շուկայի առանձնահատկությունները» (Դ. Գալոյան) և «Երիտասարդական ձեռներեցության զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում» (Թ. Մկրտչյան) թեմաներով զեկույցներով:

Բացի այդ, Դ. Գալոյանը և Թ. Մկրտչյանը մասնակցել են նաև «RISEBA» համալսարանի կողմից կազմակերպված «Բիզնեսի զարգացման նոր մոտեցումներ» որակավորման բարձրացման ծրագրին՝ հեռավար և առկա տարբերակով (108 ժամ) մասնակցելով 3 դասընթացների՝ «Բիզնեսը և գլոբալ զարգացումը» (Business and global development), «Բիզնեսի վերլուծության ֆինանսավորման նախագիծ» (Business Analytics Finance Project), «Լատվիայի միջազգային բիզնես միջավայրը» (International Business Environment of Latvia), և ստացել են համապատասխան հավաստագրեր:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին այս մասին տեղեկացրեց Դիանա Գալոյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ HEIFYE ծրագրի հիմքում ընկած է Արևելյան գործընկերության երկրներում երիտասարդների ձեռներեցության ինտենսիվացման գաղափարը: Ծրագիրն իրականացվում է 2017թ. դեկտեմբեր ամսից և ավարտվելու է սույն թվականի մարտին՝ Մոլդովայում կայանալիք հանդիպմամբ: HEIFYE ծրագրի ՀՊՏՀ համակարգումն իրականացնում է ՄՏՀ ամբիոնը:

Այս նախագիծը ֆինանսավորվել է Եվրոպական Հանձնաժողովի աջակցությամբ: Սույն հրապարակումը [հաղորդումը] արտահայտում է միայն հեղինակների տեսակետը, և Հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում սույն տեղեկատվության կամ դրա օգտագործման համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին