Ինչպե՞ս օգտվել գործարար տեղեկատվությունից. բաց դաս ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1524

Տեղեկատվական առատության պայմաններում փոքր-ինչ դժվարացել է ստույգ, արժանահավատ ինֆորմացիա որոնել-գտնելու գործը: Ինչպե՞ս գրագետ որոնել գործարար տեղեկատվություն, ո՞ր աղբյուրներին և ինչո՞ւ վստահել. այս և այլ հարցերի շուրջ ՀՊՏՀ ուսանողներին այսօր պարզաբանումներ ներկայացրեց «Սփյուռ» տեղեկատվական համակարգի հիմնադիր-տնօրեն Աշոտ Գրիգորյանը:

Շարունակական կրթության և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը մասնակցում էին դասախոսներ, ուսանողներ՝ հատկապես մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետից:

Աշոտ Գրիգորյանը նախ բացատրեց՝ ինչ է գործարար տեղեկատվությունը, ովքեր են հիմնական հասցեատերերը և ինչու են փնտրում այն, ապա մանրամասնեց, թե ինչպես է աշխատում գործարար տեղեկատվություն տրամադրող «Սփյուռ» տեղեկատվական համակարգը և ինչպես արդյունավետ օգտվել:

Նշվեց, որ ըստ էության, գործարար տեղեկատվությունը կազմակերպությունների մասին տեղեկատվությունն է, որը հետաքրքրում է անհատներին և կազմակերպություններին՝ գնումներ կատարելիս, աշխատանք փնտրելիս (անհատների դեպքում), մրցակիցների շուկան ուսումնասիրելիս, նոր հաճախորդների ներգրավվման համար:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի խնդրանքով մեկնաբանելով հանդիպումը՝ Աշոտ Գրիգորյանը նշեց, որ այն երկու հիմնական նպատակ ուներ. աշխատանք փնտրող երիտասարդ մասնագետներին ծանոթացնել «Սփյուռի» միջոցով համապատասխան կազմակերպություններին (գործատուներին) դիմելու նրբություններին, և ապագա գործարարներին, մարքեթոլոգներին ներկայացնել գործարար տեղեկատվություն փնտրելու մեթոդները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին