Բաց դասախոսության թեման՝ ստարտափի և փոքր բիզնեսի համեմատական վերլուծություն

Դիտումների քանակ՝ 2457

Տնտեսագիտական մայր բուհի ուսանողներին մասնագիտական հետաքրքիր ու արդիական թեմաների վերաբերյալ բաց դասախոսությունները հաճախ են համախմբում: Հերթական արտալսարանային դասն այսօր տեղի ունեցավ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ. նորարարական բիզնեսի՝ ստարտափների մասին համապարփակ վերլուծություն ու մասնագիտական խորհուրդներ ներկայացրեց մարքեթինգի ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Գրիշա Ամիրխանյանը: Լսարանում էին տարբեր մասնագիտություններ ուսումնասիրող, ստարտափներ մշակելու մեթոդաբանությամբ հետաքրքրված ՀՊՏՀ-ականներ:

«Ստարտափը մարդկային ինստիտուտ է, որն աշխատում է ստեղծել նոր արտադրանք կամ մատուցել նոր ծառայություն՝ ծայրահեղ անորոշ, այսինքն՝ արագ փոփոխվող միջավայրում»,- բազմաթիվ սահմանումների շարքում Գրիշա Ամիրխանյանը առանձնացրեց սա՝ նշելով, որ այն թերևս ամենաճշգրիտն է բանաձևում խնդրո առարկան:

Ընդհանուր առմամբ, դասախոսը կատարեց ստարտափի և փոքր բիզնեսի համեմատական վերլուծություն՝ առանձնացնելով ստարտափի հիմնական բնութագրիչները՝ նորարարություն, փոքր թիմ, ճկունություն, ոչ հստակ բիզնես մոդել, խիստ սահմանափակ ռեսուրսներ, անորոշություն, բարձր ռիսկայնություն: «Ստարտափները կենտրոնանում են կոնկրետ մեկ ապրանքի (ծառայության) վրա»,-սա ևս կարևոր տեղեկատվություն է, որը պետք է իմանան ժամանակակից բիզնեսով զբաղվել ցանկացողները: Հանդիպումը ճանաչողական էր: Քննարկման կենտրոնում էին ստարտափներին վերաբերող հիմնական թեմաները (տեսական և կիրառական նշանակության), նաև հարցեր, որոնք խթանում են բիզնես մտածողությունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին