«Ես ՀՊՏՀ-ական եմ, ես աշխատում եմ մասնագիտությամբ». asue.am-ի նոր շարքի առաջին հերոսը Ծովինար Սարգսյանն է 

Դիտումների քանակ՝ 2749

Սիրելի′ ՀՊՏՀ-ականներ, համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը սկսում է նոր` «Ես ՀՊՏՀ-ական եմ, ես աշխատում եմ մասնագիտությամբ» խորագրով շարք, որի ներքո մտադիր ենք ներկայացնել մեր ֆակուլտետներից յուրաքանչյուրից մեկ շրջանավարտի` նպատակ ունենալով ընդգծել, որ մեր բուհի շրջանավարտներն ապրում և աշխատում են իրենց մասնագիտությամբ, ամեն օր ջանասիրաբար բացահայտում են այն և հպարտորեն նշում, որ իրենք որևէ ոլորտի մասնագետ են: Խորագրի նյութերը խարսխված են լինելու այն գաղափարի վրա, որ մասնագիտության ընտրությունը չպետք է երկրորդվի, և ստացած կրթությունը պետք է ծառայի նախևառաջ ուղիղ նպատակին` աշխատանք գտնելուն, և որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, պատրաստելով համապատասխան մասնագիտությունների գծով տնտեսագետ կադրեր, կոչված է սպասարկելու պետության շահը, այն է` որակյալ ու երիտասարդ կադրերով համալրելու պետության համապատասխան ոլորտները:

Մեր խորագրի առաջին հերոսը մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի լավագույն սաներից Ծովինար Սարգսյանն է, ով այժմ ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի ասիստենտ է, նաև ոչ ֆորմալ բիզնես կրթություն տրամադրող «The First Business School In Armenia»-ի (առաջին բիզնես դպրոցը ՀՀ-ում) հիմնադիրն ու ծրագրերի համակարգողը: Ծովինարի մասին մեզ պատմեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Նարեկ Կեսոյանը, երբ ներկայացրինք մեր նոր խորագիրն ու խնդրեցինք ֆակուլտետից նորավարտի անուն նշել: Ի պատասխան, դեկանն ասաց, որ Ծովինարն արժանի թեկնածու է,  նպատակասլաց, պրպտող, ստեղծարար:

Եվ ահա, մեր խնդրանքով Ծովինարը ուղերձ է պատրաստել ՀՊՏՀ շրջանավարտների, ուսանողների համար, որոնք մոտ ապագայում կանգնելու են կարիերայի մեկնակետին:

Հորդորը հետևյալն է` որոնի′ր մասնագիտական աշխատանք ու սկսի′ր կերտել քեզ հենց քո′ ոլորտում: Դե ինչ, եկե′ք կարդանք ուղերձը:

«Պաշտելու չափ սիրե′ք այն մասնագիտությունը և դրանով պայմանավորված այն աշխատանքը, որով պետք է զբաղվեք, որպեսզի կյանքում ոչ մի օր չաշխատեք, փոխարենը` վայելեք այն, ինչով զբաղվում եք…
Մեզանից յուրաքանչյուրի կյանքում ամենակարևոր և պատասխանատու որոշումներից մեկը, որ երբևէ կայացնում ենք, կապվում է մեր մասնագիտական ուղու ընտրության հետ, որով էլ պայմանավորվելու է մեր հետագա գործունեությունը, և մեր դերն ու ստեղծարար նշանակությունն ենք ունենալու հասարակության մեջ։
Ցավոք, մեզանում մասնագիտական կողմնորոշման և ուղղորդման հիմնահարցերը բավականին բաց են, և մեզանից շատերն են մասնագիտական ընտրության հարցում առաջնորդվում հարազատների, ընկերների, ծանոթների խորհուրդներով: Բոլոր դեպքերում չէ, որ այն ուղին, որն ընտրում ենք, իրականում մեզ հոգեհարազատ է լինում։ Եվ այստեղ բավականին կարևոր և անգնահատելի է դառնում բուհի և այն պրոֆեսորադասախոսական կազմի դերը, որոնք կարողանում են սեր արթնացնել այն մասնագիտության նկատմամբ, որն ընտրել ես և ուղղորդել։
Սովորել և ավարտել եմ ՀՊՏՀ մարքեթինգի բակալավրական (2007-2011), մագիստրոսական (2012-2014) և ասպիրանտական (2014-2017) կուրսերը, և մի գաղտնիք ասեմ`  ի սկզբանե մասնագիտական կողմնորոշում չեմ ունեցել, այս ֆակուլտետում հայտնվել եմ, կարելի է ասել, պատահական: :  Բայց շնորհիվ պատասխանատու, հոգատար և իրենց գործը սիրող և գիտակ պրոֆեսորադասախոսական կազմի, ժամանակի ընթացքում ոչ միայն սկսել եմ սիրել մարքեթինգ մասնագիտությունն ու դառնալ դրա կրողը, այլ նաև այժմ աշխատում եմ մասնագիտությամբ, փորձում եմ գիտելիքներս ու փորձս փոխանցել իմ ուսանողներին։
Անխոս, մարքեթինգը բիզնեսի համար նույնն է, ինչ բժիշկը մարդու համար ու այս մասնագիտության կրողը պետք է ապրի, զգա ու ոգեշնչվի այն ամենով, ինչով զբաղվում է, քանի որ այն եզակի մասանգիտություններից է, որտեղ վերլուծական աշխատանքը համեմվում է ստեղծարարության հետ և ծնունդ տալիս նոր գաղափարի, բիզնեսի և արժեքի։
Ուսումնասիրելով կրթության ոլորտում առկա և ապագա միտումները` մի բան ակնհայտ է դառնում, որ տարիներ հետո շատ մասնագիտություններ կվերանան, շատերը կփոխարինվեն ռոբոտներով, և կլինեն ու կշարունակեն զարգանալ միայն այնպիսի մասնագիտությունները, որոնց հիմքում դրված են մարդկային փոխահարաբերությունները և կապերը, զգացողությունները և այն բոլոր որակները,  որոնք, ի ուրախություն մեզ, հասու չեն ռոբոտներին։ Ըստ իս`  այդ մասնագիություններից մեկն էլ մարքեթինգն է, իր բազմաբնույթ ենթաճյուղերով, որն օրեցօր ոչ միայն զարգանում է, այլև վերջինիս դերն ու մասնագիտության կրողների պահանջը է′լ ավելի է մեծանում։
Ուստի, իմ ուղերձը բոլոր այն երիտասարդներին, ովքեր սիրում են ստեղծարարություն, մարդկային շփումը և փոխհարաբերությունները, կարևորում են նոր արժեքի ստեղծումը, իրենց դերն ու նշանակությունը բիզնես միջավայրի զարգացման գործում և մասնագիտանում են հենց մարքեթինգի գծով` հետևյալն է` մարքեթինգը բոլորին խոստանում է հետաքրքիր և հագեցած մասնագիտական ճանապարհ, որը խորհուրդ եմ տալիս անցնել։
Մարքեթինգը սեր է ու կենսակերպ, իսկ այս մասնագիտության կրողը` արժեք ստեղծող։
Սիրե′ք Ձեր մասնագիտությունը, աշխատե′ք Ձեր մասնագիտական ոլորտում, զգացե′ք այն սրտով ու մտքով և կդառնաք մրցունակ ու պահանջված մասնագետ:
Ոգեշնչվե′ք ու սկսե′ք այսօր, սկսե′ք հիմա, որ վաղը քաղեք այսօրվա Ձեր աշխատանքի տված քաղցրահամ պտուղները:

Շարունակելի…

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին