«Ես ստացել եմ ամենաստեղծագործական մասնագիտությունը». ՀՊՏՀ անվանական կրթաթոշակակիր Մարինե Ալեքսանյան

Դիտումների քանակ՝ 3585

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շարունակում է ներկայացնել մեր համալսարանի անվանական կրթաթոշակակիրներին: Այսօր մեր զրուցակիցն է Վլադիմիր Ներկարարյանի անվան կրթաթոշակակիր, մարքեթինգ մասնագիտության 4-րդ կուրսեցի Մարինե Ալեքսանյանը:

-Մարինե՛, անվանական կրթաթոշակի ես արժանացել բարձր առաջադիմության և ակտիվ հասարակական գործունեության համար: Որքա՞ն ժամանակ է՝ կրթաթոշակ ես ստանում:

-Այո, 4 տարի է՝ սովորում եմ գերազանց առաջադիմությամբ և անվանական կրթաթոշակ եմ ստանում, միաժամանակ, ակտիվորեն անդամակցում եմ համալսարանի ուսանողական խորհրդին: Դասերից հետո միանում եմ ուսանողական խորհրդի աշխատանքներին, փորձում աջակցել միջոցառումների կազմակերպմանը: Ինձ համար դյուրին է համատեղել ուսումն ու հասարակական գործունեությունը: Համալսարանից դուրս ևս մասնակցել եմ մի շարք կամավորական ծրագրերի: Այս կիսամյակում ավելի շատ կենտրոնացած եմ ավարտական աշխատանքիս, փորձառությանս վրա:

-Ի՞նչ թեմա ես հետազոտում (ավարտական աշխատանքիդ թեման):

-Ավարտական աշխատանքս «Շուկայի վերլուծությունը որպես ընկերության մրցունակության բարձրացման գործիք (հեռահաղորդակցության ոլորտ)» թեմայով է, փորձառում եմ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունում:

-Շուտով կավարտես համալսարանը, այս տարիները քեզ ի՞նչ տվեցին:

-Առաջին հերթին՝ մասնագիտություն, գիտելիք: Մարքեթինգը, ըստ իս, ամենաստեղծագործական մասնագիտությունն է, որը թույլ է տալիս հետազոտել, վերլուծել, մտածել-ստեղծագործել: Մեր լավագույն դասախոսները ոչ միայն զարգացրել են մեր մասնագիտական կարողությունները, այլև խրախուսել մեր սովորելու ձգտումը, ուղղորդել նոր որոնումների: Դասախոսներից կուզենայի առանձնացնել Արմեն Գրիգորյանին, Վադիմ Գրիգորյանին, Լիլիթ Դադայանին և իմ խորին շնորհակալությունը հայտնել նրանց:

Իմ մեծ ձեռքբերումներից եմ համարում նաև այն, որ «Էրազմուս+» ծրագրով 1 կիսամյակ ուսանեցի արտերկրում՝ Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանում (Լեհաստանում) և ծանոթացա եվրոպական կրթական փորձին: Այնտեղ ուսումնական գործընթացը շատ տարբերվող էր, հագեցած գործնական աշխատանքով:

-Ի՞նչ պլաններ ունես առաջիկայում՝ սովորելու, աշխատելու հետ կապված:

-Չգիտեմ՝ մեր համալսարանում կշարունակեմ ուսումս թե ոչ, բայց, անշուշտ մագիստրատուրայում կսովորեմ, գուցե կընտրեմ երկրորրդ մասնագիտություն, օրինակ՝ տվյալագիտություն: Բակալավրիատն ավարտելուց հետո նպատակ ունեմ աշխատել:

-Մարինե՛, ներկայացրու խնդրեմ լավագույն ուսանող լինելու քո բանաձևը:

- Նախևառաջ, պետք է սիրել մասնագիտությունը, համալսարանը, ոգեշնչվել սովորելու, կրթվելու տրամադրվածությամբ, դառնալ ուսանողական կյանքի ակտիվ մասնակիցը, տիրապետել նաև օտար լեզուների:

-Շնորհակալ ենք: Անկախ նրանից՝ կդառնաս ՀՊՏՀ մագիստրանտ, թե ոչ, քո անունն արդեն իսկ ՀՊՏՀ առաջավոր սաների շարքում է: Քեզ բարի' երթ:

ՀՊՏՀ անվանական կրթաթոշակակիր Սոնա Ոսկանյանի հետ հարցազրույցը՝ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին