Հաճախորդների սպասարկման առանձնահատկությունների մասին բաց դաս՝ ապագա մարքեթոլոգների համար

Դիտումների քանակ՝ 1457

ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի հերթական նախաձեռնությամբ այսօր կրկին մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողների համար բաց դաս անցկացվեց: Թեման՝ «Հաճախորդների սպասարկման արվեստը», հետաքրքրել էր տասնյակ ուսանողների: Բանախոսն էր The Wine House, Square One, Cinnabon Armenia բրենդները ներկայացնող ընկերության մարքեթինգի և PR հաղորդակցությունների բաժնի ղեկավար, skill.am-ում Customer Service թրեյներ Ֆլորա Աթոյանը:

Հանդիպումը հետաքրքրաշարժ ու ինտերակտիվ քննարկում էր հաճախորդների սպասարկման ոլորտի առանձնահատկությունների վերաբերյալ, մասնավորապես՝ փորձագետի օգնությամբ ապագա մարքեթոլոգները փորձում էին պարզել, թե ինչպես պետք է հաղորդակցվել հաճախորդի, հանրության հետ, որպեսզի արդյունքում և' տվյալ ապրանքանիշը հանրաճանաչ դառնա ու մեծ սպառում ունենա, և' հաճախորդը գոհ ու հավատարիմ լինի: Առանցքային հարցերի շարքում էին մարքեթինգի ժամանակակից գործիքներն ու դրանց կիրառման մեթոդները: Ուսանողներն անկաշկանդ իրենց պատկերացումներն էին ներկայացնում հաճախորդների սպասարկման, նրանց հետ հաղորդակցման գործընթացի վերաբերյալ: Դասն ամփոփվեց հարցուպատասխանով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին