«Ինստիտուցիոնալ կառույցներ, կառավարում և տարածաշրջանային զարգացում» միջազգային գիտաժողովն ամփոփվում է

Դիտումների քանակ՝ 2017

ՀՊՏՀ-ում երեկ մեկնարկած «Ինստիտուցիոնալ կառույցներ, կառավարում և տարածաշրջանային զարգացում» միջազգային գիտաժողովի աշխատանքային 2-րդ օրը ևս հագեցած է ուշագրավ զեկուցումներով, որոնցում արծարծվում են տարածքային տնտեսության, տարածաշրջանային և համայնքային զարգացման հիմնախնդիրները, առաջարկվում տարածքային տնտեսության առաջխաղացմանը միտված նորարարական գաղափարներ:

Օտարերկրացի և տեղացի հետազոտողները քննարկում են արդի թեմաներ, վերլուծում դրանք ու նախանշում տնտեսական զարգացման տանող ճանապարհներ:

Գիտաժողովի երկրորդ օրը զեկուցումներով հանդես եկան Ռոբերտո Քեմանին (Միլանի պոլիտեխնիկական համալսարան, Իտալիա)՝ «Տարածքային կապիտալ, ինստիտուտներ և տարածքային զարգացում», Կարիմա Կոուրիթը (Հերոնիմուսի տվյալագիտության ակադեմիա, Նիդեռլանդներ)՝ «Խելացի քաղաքներ և մեծ տվյալներ. մարտահրավերներ և հնարավորություններ», Թիմոթի Բարրետը (Վրաստանի համալսարան)՝ «Խելացի գաղտնիություն, խելացի քաղաքում» զեկուցումներով:

Այնուհետև նրանք և Ազորիայի կղզիների համալսարանի ներկայացուցիչ Տոմազ Դենտինհոն անցկացրել են «Խելացի քաղաքները՝ նոր քաղաքային աշխարհում» թեմայով քննարկում:

Լսարանի ուշադրությանն են արժանացել նաև հայ հետազոտողների զեկուցումները: Շարքը մեկնարկել է Մարիամ Եղյանը («ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ)՝ «Հետազոտական ենթակառուցվածքների սոցիալ-տնտեսական ազդեցությունը՝ տարածքային զարգացման և նորարարությունների համատեքստում» գիտական աշխատությամբ: Հաջորդիվ ՀՊՏՀ գիտնական-հետազոտողներ Արփիկ Մուրադյանը, Վանինե Երանոսյանը, Էրիկ Գրիգորյանը, Ծովինար Կարապետյանը ներկայացրել են «ՀՀ համայնքների խոշորացման գործընթացների գնահատականը և ակնկալիքները» թեմայով զեկուցում:

Օրվա մյուս զեկուցողների ցանկին ծանոթացեք օրակարգում:

Գիտաժողովը կշարունակվի մինչև աշխատանքային օրվա ավարտը և կամփոփվի: Հիշեցնենք՝ միջազգային գիտաժողովի համակազմակերպիչներն են ՀՊՏՀ-ն և Տարածաշրջանային գիտության կովկասյան ասոցիացիան: Գիտաժողովը ՀՊՏՀ-ում համակարգում է արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը:

Գիտաժողովի մասին մեր նախորդ հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին