EUCON. ՀՊՏՀ-ում ընթանում է «ԵՄ և ԵԱՏՄ» խորագրով միջազգային ամառային դպրոցը
ՀՊՏՀ ուսանողներն այս օրերին աննախադեպ հնարավորություն ունեն մասնակցելու «ԵՄ և ԵԱՏՄ. հակամարտության և մրցակցության միջև, մերձեցում և համագործակցություն (EUCON)» նախագծի շրջանակում Տնտեսագիտական համալսարանում կազմակերպված «ԵՄ և ԵԱՏՄ» խորագրով միջազգային ամառային դպրոցին։
Բացման հանդիսությանը, ողջունելով մասնակիցներին, եվրոպացի հյուրերին և կազմակերպիչներին, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը մաղթեց արդյունավետ աշխատանք և հույս հայտնեց, որ առաջիկա օրերին մասնակիցները տնտեսական, քաղաքական, իրավական համակողմանի գիտելիք ու հմտություններ ձեռք կբերեն ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի վերաբերյալ։
«Վստահ եմ, որ Ամառային դպրոցը հրաշալի հարթակ կհանդիսանա գաղափարների և տեսակետների արտահայտման համար։ Ուսանողները հնարավորութուն կունենան սովորելու լավագույն մասնագետներից և խորացնելու իրենց գիտելիքները կազմակերպվող դասախոսությունների, քննարկումների, ուսումնական այցերի ընթացքում»,- ասաց ՀՊՏՀ ռեկտորը։
ՀՊՏՀ գործընկեր Վիեննայի կիրառական գիտությունների համալսարանի (Ավստրիա) դասախոս, EUCON ծրագրի ծրագրի համակարգող Հանես Մայսները շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ-ին հյուրընկալության համար՝ շեշտելով, որ բարձր է գնահատում բուհի միջազգային կապերի բաժնի, ինչպես նաև նախագծին ակտիվորեն ներգրավված դասախոսներ Ալբերտ Հայրապետյանի և Սուսաննա Աղաջանյանի ջանքերը։ Նախագիծը, Հանես Մայսների խոսքով, հաջողեց, հաջորդ միջոցառումը արդեն փակման արարողությունն է լինելու Վիեննայում։
Նախագծի կազմակերպիչներին ու մասնակիցներին ողջունեց նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության առևտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը՝ նշելով, որ նման նախագծերը խիստ կարևոր են ԵՄ-ՀՀ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս Ալբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով EUCON-ի ստեղծման գաղափարին, ծրագրի շրջանակում ՀՊՏՀ դասախոսների կատարած գիտական աշխատանքներին և հրապարակումներին և այն փաստին, որ ԵՄ-ի կողմից հաստատվել է ՀՊՏՀ-ում իրականացվող «ԵՄ քաղաքականությունը, գործող կարգավորումներն ու վարչական կառուցվածքը (EU-PPP)» ժան Մոնե մոդուլ ծրագրի՝ ՀՊՏՀ հաշվետվությունը։
Ողջույնի խոսքերից հետո մեկնարկեցին ամառային դպրոցի աշխատանքները երկու ուղղություններով՝ քաղաքական և տնտեսական։ Քաղաքական մասում բանախոսություններով հանդես եկան EUCON նախագծի ՀՊՏՀ գործընկեր բուհերի դասախոսներ Ջուլիան Պլոտկան, Ֆլորենս Էրտելը, Աննա Խվորոստիանկինան և ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը, տնտեսական մասում՝ ՀՊՏՀ դասախոսներ Սուսաննա Աղաջանյանը, Նարեկ Կարապետյանը, Համլետ Մկրտչյանը, Բրատիսլավայի տնտեսագիտության և կառավարման համալսարանի ներկայացուցիչներ Մարիան Կովակը և Յանա Գասպերովան։
Առաջիկա օրերի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունները, դրանց ազդեցությունը Հայաստանի և տարածաշրջանային այլ երկրների վրա, կհետևեն վերջին զարգացումներին։ Դասախոսությունները, սեմինարներն ու բանավեճերը կանցկացնեն նախագծի գործընկեր համալսարանների ներկայացուցիչները, EUCON ծրագրի անդամները և պետական կառույցների ներկայացուցիչները։ Ամառային դպրոցը ինտերակտիվ դարձնելու նպատակով կառաջարկվեն դասընթացներ անհատական և կոլեկտիվ բանակցությունների հմտությունների վերաբերյալ: Բացի դրանից, մասնակիցների համար կկազմակերպվեն ճանաչողական այցեր ՀՀ Ազգային ժողով և ֆոնդային բորսա։
Ամառային միջազգային դպրոցի աշխատանքները կեզրափակվեն հունիսի 9-ին։
Լուսանկարային շարքն ամբողջությամբ տե՛ս ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։