ՀՊՏՀ շնորհիվ է, որ այսօր ՊԵԿ աշխատակից եմ. Վահրամ Ասատրյան

Դիտումների քանակ՝ 2596

Սիրելի′ ՀՊՏՀ-ականներ, ուսանողներ, շրջանավարտներ, «Ես ՀՊՏՀ-ական եմ, ես աշխատում եմ մասնագիտությամբ» խորագիրը ձեզ է հղում մի կարևորագույն ուղերձ, որը վերահաստատում է այն մոտեցումը, որ մասնագիտական ընտրությունից մինչև համապատասխան կրթության իրացումը պետք է գիտակցված լինի, ասել է թե` սկզբնակետից վերջնակետը` տրամաբանական:

Տնտեսագիտական մայր բուհը, ժամանակակից աշխատաշուկայի պահանջին համապատասխան, պատրաստում է մրցունակ կադրեր, և հաճելի է փաստել, որ մեր նորավարտներն իրենց տեղն են գտնում տնտեսության խնդիրներով զբաղվող կարևոր հատվածներում: Մեր այսօրվա հերոսը «Աշխատանքի և աշխատավարձի կազմակերպումը ծառայությունների ոլորտում» մասնագիտացման մագիստրատուրայի այս տարվա շրջանավարտ, ՊԵԿ աշխատակից, երիտասարդ տնտեսագետ Վահրամ Ասատրյանն է: Եկեք ծանոթանանք նրա հաջողության պատմությանն ու լսենք ուղերձը:

«Ողջույն: Ես ՀՊՏՀ սան եմ, կառավարման ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտ:  2012-2018 թվականներին սովորել եմ «Աշխատանքի տնտեսագիտություն» մասնագիտությամբ և ստացել եմ տնտեսագիտության բակալավրի աստիճան (2012-2014 թթ.  ծառայել եմ ՀՀ զինված ուժերում): Այնուհետև`2018-2020 թթ. մասնագիտական գիտելիքներս կատարելագործելու և աշխատանքային հմտություններս բարձրացնելու նպատակով շարունակել եմ ուսումս նույն ֆակուլտետի մագիստրատուրայում` «Աշխատանքի և աշխատավարձի կազմակերպումը ծառայությունների ոլորտում» մասնագիտացմամբ, և ստացել եմ տնտեսագիտության մագիստրոսի աստիճան:

Մագիստրոսական ծրագրի շրջանակներում իրականացվող գիտահետազոտական փորձառություն եմ անցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեում` Զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրերի վարչությունում: Այդ ընթացքում էլ մասնակցեցի վարչության թափուր հաստիքների մրցույթին և աշխատանքի ընդունվեցի նույն վարչության հետազոտությունների և զարգացման բաժնում:

Բաժնի գործառույթների շրջանակներում իրականացնում ենք հարկային և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման և կոմիտեի զարգացման ռազմավարական ծրագրերի նոր նպատակների սահմանման ուղղությամբ աշխատանքներ, ինչպես նաև` միջազգային պրակտիկայում հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների, զարգացման ուղղությունների վերաբերյալ համեմատական վերլուծություններ և այլ գործառույթներ:

Ես հպարտ եմ, որ ՀՊՏՀ շրջանավարտ եմ, և հենց ՀՊՏՀ շնորհիվ է, որ այսօր ՊԵԿ աշխատակից եմ: Համալսարանը մասնագիտական գիտելիքներ շնորհելուց բացի, ինձ տվել է առողջ մտածելու և տրամաբանելու ունակություն: Տնտեսագիտական բարձրագույն կրթությունը իմ կյանքի կարևոր ձեռքբերումներից եմ համարում, և, անշուշտ, այսօր վստահ եմ ասում, որ ես կարողացա չսխալվել բուհի և մասնագիտությանս ընտրության հարցում:

Իմ համալսարանակա′ն ընկերներ, մաղթում եմ, որ սիրեք այն, ինչն ընտրել եք, և ոչ միայն սիրեք, այլև զբաղվեք ձեր գործով, կատարելագործվեք և ամրանաք: Հավատացեք, եթե սիրելով աշխատեք, հաջողության կհասնեք»:

Իրավամբ, մասնագիտական աշխատանքը տարբերվում է զուտ աշխատանքից և զբաղված լինելու երևույթից: Այն ավելին է, քան աշխատանքը…Եվ,  քո մասնագիտությամբ գործ կա, մնում է որոնել, գտնել ու սիրել այն:

Շարունակելի…

Հ.Գ. Մեր այս խորագրի նախորդ հրապարակումներին`  Ծովինար Սարգսյանի , Տիգրան Ղալայանի և Լիանա Չանախչյանի  ուղերձներին ծանոթացեք ակտիվ հղումներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին