Տնտեսագիտության և ծրագրավորման խաչմերուկում. ՀՊՏՀ շրջանավարտ Հակոբ Մուրադյանը` անգլիական կազմակերպության ծրագրավորող
Գաղտնիք չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այսօր ամենազարգացողն ու հեռանկարայինն է համարվում: ՀՊՏՀ-ն, ժամանակի պահանջին համահունչ, կադրեր է պատրաստում նաև ՏՏ ոլորտի համար: Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողներն ու շրջանավարտները, ստացած կրթության շնորհիվ, հնարավորություն ունեն աշխատելու երկու արդիական` տնտեսագիտության և ծրագրավորման ոլորտներում:
«Ես ՀՊՏՀ-ական եմ, ես աշխատում եմ մասնագիտությամբ» խորագրում այսօր ներկայացնում ենք «Մաթեմատիկական մեթոդներ և մոդելները տնտեսագիտության մեջ» մասնագիտացման մագիստրատուրայի շրջանավարտ, Անգլիայի «Phastar» կազմակերպության Senior SAS (Statistical Analysis System) ծրագրավորող Հակոբ Մուրադյանին: Նրա ուղերձը` ստորև: «Ես Հակոբ Մուրադյանն եմ՝ 26 տարեկան, երիտասարդ տնտեսագետ-ծրագրավորող, ՀՊՏՀ բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտ, ներկայում աշխատում եմ որպես Senior SAS ծրագրավորող` Անգլիայի «Phastar» կազմակերպության համար: Մի փոքր պատմեմ ՀՊՏՀ-ի հետ անցած իմ ուղու կամ մասնագիտական ճանապարհիս սկզբի մասին: 2018-ին ավարտել եմ «Կառավարման տեղեկատվական համակարգեր» մասնագիտության բակալավրիատը, այս տարի` 2020-ին, ավարտեցի «Մաթեմատիկական մեթոդներ և մոդելները տնտեսագիտության մեջ» մասնագիտացման մագիստրատուրան: Մինչ համալսարան ընդունվելը, ինչպես շատերը, ես էլ մտածում էի ժամանակակից համարվող ծրագրավորման մասին, բայց չէի կողմնորոշվում` կոնկրետ ինչ մասնագիտություն ընտրել, երբեմն էլ մտածում էի հաշվապահության մասին…Նախասիրություններս շատ էին, և ուզում էի հնարավորինս հաշվի առնել բոլորը:
Թերևս, դա էլ առիթ եղավ ընտրելու «Կառավարման տեղեկատվական համակարգեր» մասնագիտությունը. այստեղ հնարավորություն կունենայի ուսումնասիրել և՛ հաշվապահություն, և՛ ծրագրավորման լեզուներ: Ընդունվեցի և արդեն երկրորդ կուրսում, ունենալով բազային գիտելիքներ և փոքր ինչ պատկերացում նշածս երկու մասնագիտությունների մասին, ընտրեցի ծրագրավորումը:
Երկրորդ կուրսն ավարտելուն պես սկսեցի ինքնուրույն սովորել JAVA, այնուհետև C# ծրագրավորման լեզուները: Կարդում էի գրքեր, դիտում վիդեոդասեր և փորձում տարբեր բնույթի և բարդության հնարավորինս շատ խնդիրներ լուծել: Երրորդ և չորրորդ կուրսերը ավելի հագեցած էին ծրագրավորման նյութերով և գործնական առաջադրանքներով: Տարբեր լեզուների օգտագործմամբ լուծում էինք մաթեմատիկական խնդիրներ, փորձում ավտոմատացնել տարբեր համակարգեր, ստեղծում կայքեր…Ծրագրավորման հանդեպ խորացող հետաքրքրությունիցս դրդված` երրորդ կուրսը դեռ չավարտած` մասնակցեցի «FMD K&L Europe» կազմակերպությունում անցկացվող հարցազրույցին (աշխատանքի անցնելու հնարավորություն էր), որտեղ ուշադրություն էր դարձվում ոչ թե կոնկրետ ծրագրավորման լեզվի գիտելիքներին, այլ ծրագրավորման տրամաբանությանը, ինչպես նաև անգլերենի իմացությանը, որն այս ոլորտում նույնպես շատ կարևոր էր: Հարցազրույցից հետո կազմակերպվեց երեք ամիս տևողությամբ դասընթաց, որին մասնակցում էին արդեն իսկ ծրագրավորման փորձ ունեցողերը, այդ թվում և ես, ԵՊՀ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բաժնի, Ամերիկյան համալսարանի համապատասխան մասնագիտությունների ուսանողներ: Դասընթացն ավարտելուց հետո հանձնեցինք քննություն, և մասնակիցներից քչերը, որոնց թվում նաև ես էի, անցան աշխատանքի որպես SAS ծրագրավորող:
Աշխատանքում առաջընթացս ապահովելու համար մեծ դեր խաղացին ՀՊՏՀ-ում ստացած բազային գիտելիքներս, հատկապես՝ վիճակագրական: Ես ծրագրավորման ոլորտում տեսնում եմ կայանալու, աճելու շատ հեռանկարներ, իսկ իմ կարգավիճակի համար, անշուշտ, շնորհակալ եմ ՀՊՏՀ-ին: Համալսարանը մեծ դերակատարում ունի յուրաքանչյուրի կյանքում, և մեզնից է կախված` կգնահատե՞նք արդյոք այդ դերը և կներդնե՞նք բավարար ջանքեր` ինչ-որ մի բանի հասնելու համար: Իմ փորձից ասեմ, որ կարևոր է նաև ինքնակրթությունը, սովորելու հարցում նախաձեռնողականությունն ու ատիվությունը: Եվ եթե սիրում ես այն, ինչն անում ես ամեն օր, ամեն օր էլ քեզ համար բացահայտում ես նորը և ապրում դրանով. ապրե′ք սիրելով…»:
Ողջունելի է ՀՊՏՀ-ական երիտասարդ ծրագրավորող Հակոբ Մուրադյանի նպատակասլացությունն ու սովորելու մեծ եռանդը: Վստահ ենք, դրա շնորհիվ նա, ինչպես և մեր առաջավոր սաները, նվաճելու են բարձունքներ: Իսկ մեզ մնում է միայն ճանաչել ու ասպարեզ բերել նման պայծառ երիտասարդներին, նրանց վառ օրինակով կրկին բարձրացնել մեր ուսանողների և նորավարտների սովորելու, աշխատելու, լավ մասնագետ դառնալու մոտիվացիան:
Շարունակելի…
Հ.Գ. Մեր այս խորագրի նախորդ հրապարակումներին` Ծովինար Սարգսյանի, Տիգրան Ղալայանի և Լիանա Չանախչյանի, Վահրամ Ասատրյանի …. ուղերձներին ծանոթացեք ակտիվ հղումներով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին